Վալերիյ Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի համար խափանման միջոց է ընտրվել

Քաղաքականություն

13.02.2026 | 13:47

«Մարտի 1»-ի գործով մեղադրյալներ, Երևան քաղաքի վարչության պարեկապահակակետային գնդի հրամանատար Ռոբերտ Մելքոնյանի և նրա տեղակալ Վալերիյ Օսիպյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկրից բացակայելու արգելքը։ Այս մասին Factor TV-ին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից։

Հիշեցնենք՝ ավելի վաղ կոմիտեից հայտնել էին, որ «Մարտի 1»-ի քրեական վարույթի շրջանակներում քրեական հետապնդումներ են հարուցվել ևս երկու նախկին պաշտոնատար անձանց նկատմամբ․

«Մասնավորապես՝ 2008 թվականի մարտի 1-ին ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բռնության և հատուկ միջոցների գործադրմամբ Երևան քաղաքի «Ազատության» հրապարակում նստացույց անող խաղաղ ցուցարարներին ցրելու գործողությունները կազմակերպելու համար մեղադրանքներ են ներկայացվել նշված ժամանակահատվածում ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակակետային գնդի հրամանատարի և նրա տեղակալի պաշտոնները զբաղեցրած անձանց»։

Հիշեցնենք՝ հեղափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ և նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Վալերիյ Օսիպյանը նշանակվել էր ՀՀ ոստիկանապետ։ Ավելի քան մեկ տարի անց՝ 2019 թվականի սեպտեմբերի 18-ին, Օսիպյանն ազատվել էր ոստիկանապետի պաշտոնից և նույն օրը երեկոյան նշանակվել Հայաստանի վարչապետի գլխավոր խորհրդական։ Այս պաշտոնին, սակայն, Օսիպյանը չմնաց անգամ մեկ ամիս. հոկտեմբերի 8-ին նա ազատվեց պաշտոնից։

Եվգենյա Համբարձումյան

Leave a comment