ՌԴ ԱԴԾ-ն հայտնել է «Բալտիմոր» օդանավակայանի վրա ԱԹՍ-ներով հարձակման փորձը կանխելու մասին

Վորոնեժի մարզում կանխվել է Ուկրաինայի անվտանգության ծառայության (ՈւԱԾ) կողմից ծրագրված հարձակման փորձը «Բալտիմոր» ռազմական օդանավակայանի վրա, հայտնել է Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը։

«Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայությունը Վորոնեժի մարզում կանխել է Ուկրաինայի անվտանգության ծառայության կողմից ծրագրված լայնածավալ դիվերսիոն-ահաբեկչական գործողություն, որի նպատակն էր կարճ հեռահարության ԱԹՍ-ների միջոցով հարվածել ՌԴ պաշտպանության նախարարության «Բալտիմոր» ռազմական օդանավակայանին», – ասված է հաղորդագրության մեջ։

ԱԴԾ-ն հայտնել է Ռուսաստանի քաղաքացիություն ունեցող կնոջ ձերբակալման մասին, որը հավաքագրվել էր Ուկրաինայում գտնվելու ընթացքում՝ 2022 թվականին։

Վորոնեժում կինը վարձակալել էր ավտոտնակ՝ որպես ԱԹՍ-ների հավաքման և արձակման վայր՝ «ռազմական օդանավակայանի ենթակառուցվածքները, ինքնաթիռներն ու անձնակազմը ոչնչացնելու նպատակով»։

Անվտանգության ծառայության տվյալներով՝ ձերբակալվածը թաքստոցներից վերցրել է ԱԹՍ-ների ինը հավաքածու (որոնցից յուրաքանչյուրը պարունակել է «մոտ 500 գրամ քաշով արտասահմանյան արտադրության պայթուցիկ նյութ»), ինչպես նաև անօդաչուների կառավարման և ուղղորդման սարքավորումներ։

«Զինվելուց հետո անօդաչուները պետք է կառավարվեին հեռավար կարգով՝ Ուկրաինայի տարածքից, ինտերնետի միջոցով», – հայտնել են անվտանգության ծառայությունում։

ԱԴԾ-ի կողմից հրապարակված տեսանյութում ձերբակալված կինը հայտարարել է, որ ռազմական գործողությունների սկսվելու պահին ապրել է Ուկրաինայում։ «Ես այնտեղ հավաքագրվել եմ ուկրաինական հատուկ ծառայության մի սպա, որն առաջարկել է ինձ մեկնել Ռուսաստան՝ իր համար առաջադրանքներ կատարելու՝ խոստանալով դրամական վարձատրություն։ Ես այնտեղ պետք է թաքստոցներից բերեի անօդաչու թռչող սարքերն ու պայթուցիկները և հավաքեի դրանք՝ ըստ հրահանգների։ Առաքելությունն ավարտելուց հետո պետք է լքեի Ռուսաստանը և վերադառնայի Ուկրաինա», – պատմել է նա։

Leave a comment