Նրա խոսքով` 45 098 անձ արդեն ՀՀ քաղաքացիություն է ստացել, որից 38 695–ը չափահասներ, 14 344–ը` անչափահասներ։
«Այս տենդենցը ավելի մեծացել է բնակարանային պետական աջակցության ծրագրի ներդրման շրջանակում, երբ սահմանվեց ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու պայմանը»,– ընդգծեց փոխնախարարը։
«Վերածնվող Արցախ» ՀԿ–ի նախագահ Անաստաս Իսրայելյանը, որը ներկայացնում էր արցախցիների խնդիրներն ու շահերը, նշեց, որ այսօր բնակարանային ու սոցիալական խնդիրներին ուղղված պետական աջակցության ծրագրերից օգտվելիս տասնյակհազարավոր մարդիկ բազմաթիվ խնդիրների առաջ են կանգնում։
«Մանավանդ վերջին թանկացումների արդյունքում արցախահայությունը կանգնեց ավելի բարդ խնդրի առաջ, քանի որ սերտիֆիկատներով հնարավոր չէ այսօր տուն ձեռք բերել»,– նշեց նա։
Իսրայելյանի խոսքով` արցախցիներից մեծ մասին էլ հետաքրքրում է Արցախում թողած իր ունեցվածքի ճակատագիրը, և այստեղ շատ կարևոր է իրենց կարգավիճակի հարցը, որ կարողանան միջազգային ատյաններում այդ հարցը բարձրացնել։
«Այսօր մենք միջազգային ատյաններում չենք կարողանում ապացուցել, որ այդ ունեցվածքի տերը մենք ենք։ Այն կարգավիճակը, որ մենք այսօր ունենք, դա այն չէ, մենք հստակ կարգավիճակ պետք է ունենանք` ինչից ենք մենք տեղահանվել։ Մենք չենք տեղահանվել երկրաշարժից, ջրհեղեղից, մենք բռնի ուժի կիրառմամբ տեղահանված ժողովուրդ ենք»,– ասաց Իսրայելյանը։
ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ Ղազարյանը հայտարարեց, որ կարգավիճակի հետ կապված հարցը լուծված և փակված է ՀՀ կառավարության` 2023 թվականի որոշմամբ։
«Ինչ վերաբերում է գույքային պահանջներին, ապա անհատական կարգով գույքային պահանջների հարցերը յուրաքանչյուր անձի որոշելիք խնդիրն է, մենք այդտեղ ընդհանրական որևէ դիտարկում չունենք»,– տեղեկացրեց փոխնախարարը։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն իր հերթին մեջբերեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն խոսքերը, թե մեր այն հայրենակիցները, որոնք տեղահանվել են Ղարաբաղից, իրենց տունը պետք է վերջնական գտնեն ՀՀ–ում ու ինչ–որ մի օր ոչնչով չտարբերվեն Հայաստանում ապրողներից` ստանալով ՀՀ քաղաքացիություն։