Կարծում եմ՝ Պուտինն իրականում ավելի շատ է ցանկանում գործարք կնքել, քան Զելենսկին․ Թրամփ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի շահագրգռված է էներգետիկ ենթակառուցվածքներին հարվածները դադարեցնելու համաձայնություն կնքելու հարցում, քան Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Նման կարծիք է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, BBC-ի ռուսական ծառայությունը։

Հարցին, թե ինչ է մտածում այն մասին, որ չնայած Կիևի և Մոսկվայի միջև ձեռք բերված պայմանավորվածության մասին իր հայտարարություններին՝ ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Ուկրաինան չեն հաստատում նման պայմանավորվածության առկայությունը, Թրամփը պատասխանել է «Նրանք համաձայնել են։ Գիտե՞ք ինչու, որովհետև ես նրանց ասացի՝ «Դուք համաձայն եք»»։

«Կարծում եմ՝ Պուտինն իրականում ավելի շատ է ցանկանում գործարք կնքել, քան Զելենսկին։ Կարծում եմ՝ Պուտինը ցանկանում է գործարք կնքել, և մենք պետք է համոզենք Զելենսկիին, որ նա նույնպես ցանկանա գործարք կնքել»,- հավելել է նա։

Թրամփը նաև շեշտել է, որ «խախտումներ եղել են երկու կողմից էլ»։

«Պուտինն ու Զելենսկին ցանկանում են գործարք կնքել, բայց չգիտեն՝ ինչպես։ Բայց մենք կստիպենք նրանց գործարք կնքել»,- հավելել է ԱՄՆ նախագահը։

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ավելի վաղ հայտարարել է, որ ռուս-ուկրաինական էներգետիկ հրադադարի հնարավորության շուրջ շփումները շարունակվում են։

«Շփումները շարունակվում են։ Երբ այս թեմայի վերաբերյալ ասելիք ունենանք, անպայման ձեզ կտեղեկացնենք»,- լրագրողներին ասել էր նա՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են նման հրադադարի շուրջ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

Leave a comment