Քաղաքականություն
13.10.2026 | 11:46
Ռուսաստանը լույս երեքշաբթի գիշերը Ուկրաինայի ուղղությամբ արձակել է «Իսկանդեր-Մ»/С-400 հինգ բալիստիկ հրթիռ, «Բանդերոլ»/«Դան-Տ» 9 հրթիռ և 108 անօդաչու թռչող սարք։ Այս մասին հայտնել են Ուկրաինայի ԶՈՒ ռազմաօդային ուժերը։ Հաղորդագրության համաձայն՝ հակաօդային պաշտպանության ուժերը «խոցել կամ ճնշել են» 88 անօդաչու թռչող սարք, «հարվածների հասնելու դեպքեր» են արձանագրվել 17 վայրում, ինչպես նաև գրանցվել է բեկորների անկում։
Հոկտեմբերի 12-ի երեկոյան ռուս զինվորականները զանգվածային հարված են հասցրել Խարկովին։ Հարձակման հետևանքով քառահարկ բնակելի շենքի մուտքերից մեկը փլուզվել է։ Հոկտեմբերի 13-ի առավոտյան փլատակների տակ երեք զոհի մարմին է հայտնաբերվել։
Խարկովի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը հայտնել է, որ Խարկովում տուժել է 37 մարդ։ Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տվյալներով՝ տուժածների թիվը 15 է։
«Երեկ վաղ առավոտից մինչև ուշ գիշեր Ռուսաստանը հարվածներ էր հասցնում Խարկովին։ Առավոտյան՝ բազմահարկ շենքի ավերված հարկեր։ Երեկոյան՝ մեկ այլ բնակելի շենքի ամբողջական մուտքի փլուզում։ Ոչ մի ռազմական օբյեկտ։ Սովորական բնակելի շենքեր։ Բնակարաններ, որտեղ մարդիկ ընթրում էին, երեխաներին քնեցնում և պատրաստվում նոր օրվան։ Այսօր առավոտյան փլատակների տակից դուրս են բերել երեք մարդու մարմիններ։ Մինչև վերջին պահը հույս ունեինք, որ նրանց ողջ կգտնենք»,- գրել է Խարկովի քաղաքապետ Իգոր Տերեխովը։
Կիևում երեկոյան հարձակումների հետևանքով երկու մարդ է զոհվել, ևս յոթը՝ վիրավորվել, հայտնել է երկրի Դատախազությունը։ Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն նշել է 11 տուժածի մասին։
Դնեպրում ռուսական հարձակումների հետևանքով մեկ մարդ է վիրավորվել։ Դնեպրոպետրովսկի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Գանժայի հաղորդմամբ՝ վնասվել են տրանսպորտային ենթակառուցվածքի օբյեկտ, բազմահարկ բնակելի շենքեր և ավտոմեքենաներ։
Խմելնիցկիի մարզը գիշերվա ընթացքում բազմիցս ենթարկվել է հարձակումների։ Այս մասին էլ հայտնել է մարզի ղեկավար Սերգեյ Տյուրինը։ Հարձակումներից մեկի ժամանակ վնասվել են մարզի բժշկական հաստատություններից մեկի պատուհաններն ու մուտքի հատվածը, ինչպես նաև մոտակայքում կայանված ավտոմեքենաները։ Չորս հիվանդ թեթև վնասվածքներ է ստացել, նրանց բժշկական օգնություն է ցուցաբերվել։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի