«Արա, համբալ», «այ, լակոտ». Շիրանարների փողոցում կրկին իրավիճակը լարվեց

Բաժանորդագրվել

Վարձակալները խնդրում են իրենց ժամանակ տալ՝ տեղափոխվելու համար, իսկ կրպակատերերը վստահեցնում են՝ իրենց գույքն օրինական է:

ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի — Sputnik. Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Շինարարների փողոցում կրպակների ապամոնտաժման ընթացքում վիճակը մի քանի անգամ լարվեց, նաև միմյանց հասցեին վիրավորանքներ հնչեցին: Հիմնականում վիճաբանություն էր սկսվում կրպակատերերին ու վարձակալներին աջակցելու համար եկած «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանի և աշխատանքներին հետևող Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Սերոբ Սարգսյանի միջև:

Նշենք, որ արդեն մի քանի օր է տվյալ տարածքում կրպակատերերն ու վարձակալները պայքարում են, որպեսզի իրենց խանութները չքանդեն: Վարձակալները խնդրում են իրենց ժամանակ տալ՝ տեղափոխվելու համար, իսկ կրպակատերերը վստահեցնում են՝ իրենց գույքն օրինական է: Երկու խանութի սեփականատեր արդեն դիմել են դատարան, որտեղ որոշում է կայացվել, որ հենց այդ տարածքների քանդումն ապօրինի է:

Աջափնյակի թաղապետն ընդդիմադիր պատգամավորին մեղադրեց այն բանում, թե նա եկել է, որովհետև իր աներորդու բենզալցակայանն են քանդում: Մանուկյանը վստահեցրեց՝ ինքը այսօր պայքարող տնտեսվարողների կողքին կանգնելու համար է այնտեղ: Նա նաև ի պատասխան բղավեց՝ աներոջ բենզալցակայանն օրինական է, սեփականության վկայական ունեն և թաղապետի արածն էժան մանիպուլյացիա է։ Նրանք սկսեցին իրար վիրավորել։ Մանուկյանը իրավիճակի հանդարտվելուց հետո ցույց տվեց բենզալցակայանի սեփականության վկայականը, բայց Սարգսյանը վստահեցրեց՝ դա էլ է քանդվելու:

Լեզվակռիվ եղավ նաև թաղապետի և կրպակատերերից մեկի՝ Դավիթ Նահապետյանի միջև:
«Քո տարածքի 6 մետրը չափագրման արդյունքում ապօրինի է ճանաչվել: Մնացածը չենք քանդում, բայց 6 մետրը քանդելու ենք»,- ասաց Սարգսյանը:

Leave a comment