Պետք է կենտրոնանանք Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը ստորագրելու վրա. Փաշինյան

Բաժանորդագրվել

Ըստ վարչապետի` երբ դա տեղի ունենա, կարող ենք արձանագրել, որ դրել ենք Հայաստանի պետականության հարատևության անկյունաքարը։

ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի — Sputnik. Հայաստանն առաջիկայում պետք է կենտրոնանա Ադրբեջանի հետ խաղաղության նախաստորագրված համաձայնագիրը ստորագրելու և վավերացնելու վրա։ «Ֆեյսբուքի» իր էջում հրապարակված տեսանյութում այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ես խոսել եմ այն պատմության մասին, որը մենք միասին պետք է կերտենք ու այսօր արձանագրում եմ, թե ինչպես պետք է այն տեղի ունենա։ Իմ պատկերացումը հետևյալն է` առաջիկայում պետք է կենտրոնանանք Ադրբեջանի հետ խաղաղության նախաստորագրված համաձայնագիրը ստորագրելու և վավերացնելու վրա»,– հայտարարել է նա։

Ըստ վարչապետի` երբ դա տեղի ունենա, կարող ենք արձանագրել, որ դրել ենք Հայաստանի պետականության հարատևության անկյունաքարը։

Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան:
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 11-ին հայտարարեց, որ ՀՀ–ն ոչ թե 99 տարով հողը վարձակալության է տալիս ամերիկյան կողմին, այլ տալիս է կառուցապատման իրավունք։

Leave a comment