Երևանի Շինարարների փողոցում սկսել են քանդել կրպակները

ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ ոստիկանության և քաղաքապետարանի աշխատակիցներն այս պահին Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Շինարարների փողոցում արդեն սկսել են քանդել կրպակները։ Այդ մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց կրպակատերերից մեկը։

Նա նշեց, որ առավոտյան պետք է գային քանդելու կրպակները, սակայն, չգիտես ինչու, որոշել են հենց այսօր` ուշ երեկոյան, գալ, որպեսզի մեծ աղմուկ չբարձրանա։

Հիշեցնենք՝ Շինարարների փողոցի մի քանի տասնյակ կրպակատերեր հոկտեմբերի 12–ի վաղ առավոտից բողոքի ակցիա էին անում Երևանի քաղաքապետարանի մոտ։ Նրանք հայտարարեցին, որ որոշել են քաղաքապետ Տիգրան Ավինյանի և քաղաքապետարանի դեմ հանցագործության մասին հաղորդում ներկայացնել, փաստաբաններն արդեն համապատասխան փաստաթուղթ են պատրաստել, որը հասցեագրված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին, ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանին, ՆԳՆ ոստիկանության պետ Կամո Ցուցուլյանին, քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանին, պատճենն էլ փոխանցվում է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին։

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ՀՀ վարչական դատարանը բավարարել է Շինարարների փողոցի կրպակատերերից Դավիթ Նահապետյանի միջնորդությունը և ժամանակավորապես արգելել Երևանի քաղաքապետարանին քանդել կամ ապամոնտաժել Աջափնյակ վարչական շրջանում՝ Շինարարների փողոցում, գտնվող խանութներից մեկը։

Leave a comment