«Ուժեղ Հայաստան» խմբակցության ներկայացուցիչները հանդիպել են ԵՄ դեսպանի հետ

Քաղաքականություն

«Ուժեղ Հայաստան» խմբակցության ներկայացուցիչները հանդիպել են ԵՄ դեսպանի հետ

ՀՀ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը, խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը և խմբակցության անդամ Հարություն Հարությունյանը հոկտեմբերի 12-ին հանդիպել են Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսի հետ։

Ողջունելով դեսպանին՝ Նարեկ Կարապետյանն ընդգծել է, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության ռազմավարությունը միտված է Եվրոպական միության հետ առավել խոր ինտեգրմանը և Հայաստանում եվրոպական չափանիշների ու ինստիտուտների ներդրմանը։

Նարեկ Կարապետյանը նշել է, որ նպատակ ունեն հանդես գալու առողջապահության ոլորտին առնչվող օրենսդրական նախաձեռնությամբ։ Ըստ նրա՝ այն կնպաստի Հայաստանի առողջապահական համակարգի զարգացմանը և կխորացնի տեղական կառույցների կապը եվրոպականի հետ։ Խմբակցության ղեկավարը նշել է, որ իրենք փնտրում են նոր գաղափարներ ինստիտուցիոնալ համագործակցության համար և համոզված են, որ եվրաինտեգրումն առաջին հերթին ինստիտուտների ու չափանիշների ինտեգրումն է։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպանը նշել է, որ ԵՄ-Հայաստան հարաբերություններում բավականին հետաքրքիր ժամանակաշրջան է։ Նա անդրադարձել է օրակարգային ծրագրերին՝ ենթակառուցվածքային նախագծերին, ԵՄ-Հայաստան փոխգործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանում հարաբերությունների կարգավորմանը, խաղաղության հաստատմանը:

Կողմերը, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել են տնտեսության զարգացմանն ու աջակցությանն առնչվող հարցերին:

Leave a comment