Սարգսյանը տեղեկացրել է, որ տվյալ դեպքով արդեն իսկ կա նախաձեռնված վարույթ, որում ներառված է նաև հանցակազմ
ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն այսօր ամփոփիչ ասուլիսի ժամանակ անդրադարձել է նախօրեին 13-ամյա անչափահասի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպին և նշել, որ ինքը խստացրել է նախարարության քաղաքականությունն այս տեսանկյունից։
Նախարարի խոսքով՝ անչափահասների լավագույն շահի մասին խոսելը չպետք է շփոթել տարբեր իրավիճակներում պետության ճիշտ արձագանքի հետ։
«Եթե կան դեպքեր, երբ չափահասները կատարում են որոշակի արարքներ, որտեղ պիտի պետության խիստ արձագանքը լինի, այս արձագանքը պիտի լինի», -ասել է Սարգսյանը։
Նախարարն ընդգծել է, որ ուսումնական հաստատությունների կողմից դեպքերը թաքցնելը ոչ թե պետք է գովաբանել, այլ հակառակը՝ պետք է արձագանք լինի։
Ըստ նրա՝ բոլորն են պատասխանատու անչափահասների վարքագծի ճիշտ ձևավորման համար, քանի որ այն այսօր չկառավարելու դեպքում ապագայում կհանգեցնի հանցավորության տարբեր դրսևորումների։
Սարգսյանը տեղեկացրել է, որ տվյալ դեպքով արդեն իսկ կա նախաձեռնված վարույթ, որում ներառված է նաև հանցակազմ՝ երեխայի խնամքի և դաստիարակության պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու վերաբերյալ։
Նախարարի բնորոշմամբ՝ սա լրացուցիչ ազդակ է թե՛ ծնողներին, թե՛ ուսուցիչներին և թե՛ ուսումնական հաստատություններին՝ նման իրավիճակներում ճիշտ աշխատանք ունենալու համար։
Նա հայտնել է նաև, որ տվյալ դեպքով ինքը ստիպված է լինելու միջնորդագիր հասցեագրել ԿԳՄՍ նախարարին, քանի որ ուսումնական հաստատությունը դեպքի մասին չի տեղեկացրել իրավապահ մարմիններին։
Հիշեցնենք, որ երեկ ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը Ջրաշեն գյուղից մարմնական վնասվածքներով Սպիտակի բժշկական կենտրոն է տեղափոխել 13-ամյա պատանու։
Մայրը հայտնել է, որ որդուն Ջրաշենի միջնակարգ դպրոցում ծեծի է ենթարկել համադասարանցին:
Համայնքային ոստիկանության Սպիտակի բաժնի ծառայողները ձեռնարկած միջոցառումներով պարզել են, որ դասարանում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ հիվանդանոց տեղափոխված պատանուն ծեծի են ենթարկել երեք համադասարանցիները, մինչդեռ դպրոցի մանկավարժական կազմը թաքցրել է իրականությունը: