«Լիդիան Արմենիան» նոր դատական հայցեր է ներկայացրել բնապահպան իրավապաշտպաններ Նազելի Վարդանյանի և Թեհմինե Ենոքյանի դեմ՝ յուրաքանչյուրից պահանջելով 6 միլիոն դրամ և հրապարակային հերքում։ Միջազգային կառույցները մտահոգություն են հայտնել, հայտնում է Factor.am-ը:
Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան (FIDH), Խոշտանգումների դեմ համաշխարհային կազմակերպությունը (OMCT) և «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպությունը համատեղ հայտարարությամբ լուրջ անհանգստություն են արտահայտել ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Նրանց գնահատմամբ՝ դատական նման գործընթացները կարող են օգտագործվել բնապահպանական խնդիրների շուրջ քննադատական խոսքը սահմանափակելու և հանրային քննարկումներին մասնակցող անձանց վրա ճնշում գործադրելու նպատակով։
Կազմակերպությունները «Լիդիան Արմենիային» կոչ են արել հետ վերցնել հայցերը։
2026 թվականի հոկտեմբերի 9-ին Փարիզում, Ժնևում և Երևանում հրապարակված հայտարարության մեջ կազմակերպություններն ընդգծել են, որ նոր հայցերը պետք է դիտարկել նաև նույն իրավապաշտպանների նկատմամբ նախկինում նախաձեռնված դատական վարույթների համատեքստում։ Նրանց կարծիքով՝ առկա են հանրային մասնակցության դեմ ուղղված ռազմավարական հայցերին՝ SLAPP-ին, բնորոշ հատկանիշներ։
Իրավապաշտպան կառույցները զգուշացրել են, որ նման գործընթացները կարող են բացասաբար անդրադառնալ ոչ միայն կոնկրետ պատասխանողների, այլև Հայաստանում բնապահպանական խնդիրներով զբաղվող լրագրողների, իրավաբանների, փորձագետների և հասարակական կազմակերպությունների գործունեության վրա։
Նազելի Վարդանյանը իրավաբան է, երկարամյա բնապահպան իրավապաշտպան և «Հայաստանի անտառներ» հասարակական կազմակերպության ղեկավար։ Նա տարիներ շարունակ զբաղվել է Ամուլսարի հանքարդյունաբերական ծրագրի հնարավոր բնապահպանական, սոցիալական և մարդու իրավունքներին առնչվող հետևանքների ուսումնասիրությամբ ու հանրային շահերի պաշտպանությամբ։
Թեհմինե Ենոքյանը լրագրող է, բնապահպան իրավապաշտպան և «Կանաչ Հայաստան» հասարակական կազմակերպության նախագահ։ Նրա գործունեությունը ևս երկար տարիներ առնչվել է Ամուլսարի ծրագրի հնարավոր ազդեցություններին՝ հատկապես շրջակա միջավայրի և հարակից բնակավայրերի բնակիչների իրավունքների պաշտպանության տեսանկյունից։
2026 թվականի փետրվարին «Լիդիան Արմենիան» Նազելի Վարդանյանի դեմ նոր դատական վարույթ է նախաձեռնել՝ հիմք ընդունելով նույն թվականի հունվարի 20-ին հրապարակված հարցազրույցում նրա արտահայտած տեսակետները։
Ընկերությունը հայտարարել է, որ իրավապաշտպանի տարածած տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը և բացասաբար են ազդել ինչպես իր գործարար համբավի, այնպես էլ Ամուլսարի հանքարդյունաբերական ծրագրի հեղինակության վրա։
Դատարան ներկայացված պահանջով ընկերությունը ցանկանում է պարտավորեցնել Վարդանյանին հրապարակայնորեն հերքել վիճարկվող տեղեկությունները և հայտարարել, որ դրանք կեղծ են։ Բացի այդ, ներկայացվել է 6 միլիոն դրամի փոխհատուցման պահանջ, որը համարժեք է մոտավորապես 13 հազար եվրոյի։
Իրավապաշտպանը, իր հերթին, պնդել է, որ բարձրաձայնած խնդիրներն առնչվում են հանրային կարևորություն ունեցող հարցերին և արտահայտում են այն մտահոգությունները, որոնք ինքը երկար տարիներ ներկայացրել է Ամուլսարի ծրագրի վերաբերյալ։
Միջազգային կազմակերպությունները հատկապես խնդրահարույց են համարել խոշոր ֆինանսական պահանջի և հրապարակային հերքում պարտադրելու փորձի համադրությունը։ Նրանց գնահատմամբ՝ նման պահանջները կարող են մյուս քաղաքացիներին ևս հետ պահել խոշոր տնտեսական ծրագրերի հնարավոր բացասական հետևանքների մասին հրապարակային խոսելուց։
Նոր դատական հայց է ներկայացվել նաև Թեհմինե Ենոքյանի նկատմամբ։ Վարույթի հիմքում նրա ֆեյսբուքյան հրապարակումն է, որտեղ անդրադարձ է կատարվել Ամուլսարում իրականացվող շինարարական աշխատանքների հետ ենթադրաբար կապված ջրերի աղտոտման և հրդեհների դեպքերին։
Բեռնի կոնվենցիայի շրջանակում Ամուլսարի հանքին առնչվող գործով դիմումատուների՝ 2026 թվականի փետրվարին ներկայացրած զեկույցի համաձայն՝ վիճարկվող գրառումն ուղեկցվել է աղտոտված ջրի լուսանկարով։ Ենոքյանը հրապարակման մեջ պնդել է, որ շինարարական աշխատանքները մի քանի անգամ հանգեցրել են ջրերի աղտոտման և հրդեհների։
«Լիդիան Արմենիան» այս դեպքում նույնպես պահանջել է 6 միլիոն դրամի փոխհատուցում, ինչպես նաև լրատվամիջոցների միջոցով վիճարկվող հայտարարության հրապարակային հերքում։
Զեկույցի հեղինակները տվյալ դատական գործընթացը գնահատել են որպես հանրային մասնակցության դեմ ուղղված ռազմավարական հայցի նոր դրսևորում։
Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների համոզմամբ՝ երկու կին բնապահպանների նկատմամբ միաժամանակ ներկայացված նույնաբնույթ պահանջները լրացուցիչ հարցեր են առաջացնում կիրառվող իրավական միջոցների համաչափության և դրանց հնարավոր զսպող ազդեցության վերաբերյալ։
Հայտարարության հեղինակները հիշեցրել են, որ Ամուլսարի ծրագրի շուրջ դատական հակամարտություններն ու իրավապաշտպանների նկատմամբ ճնշումների մասին ահազանգերը նոր երևույթ չեն։
Դիտորդական կենտրոնը և ՔՀԻ-ն կոչ են անում «Լիդիան Արմենիային» հետ վերցնել Նազելի Վարդանյանի և Թեհմինե Ենոքյանի դեմ ներկայացված հայցերը և Ամուլսարի ծրագրի վերաբերյալ քննադատությանը արձագանքել թափանցիկության, տեղեկատվության մատչելիության, գիտական ապացույցների և բովանդակալից հանրային երկխոսության միջոցով, այլ ոչ թե այնպիսի դատական վարույթներով, որոնք կարող են զսպող ազդեցություն ունենալ հանրային մասնակցության վրա։
Նրանք նաև կոչ են անում Հայաստանի իշխանություններին ապահովել, որ Նազելի Վարդանյանը և Թեհմինե Ենոքյանը կարողանան իրացնել արտահայտվելու ազատության, բնապահպանական հարցերի վերաբերյալ հանրային մասնակցության և մարդու իրավունքների պաշտպանության իրենց իրավունքները՝ առանց վախեցման, պատասխան ճնշումների կամ հետապնդման։
Այդ նպատակով Հայաստանի իշխանությունները պետք է, մասնավորապես, ապահովեն, որ դատական ընթացակարգերը չօգտագործվեն իրավապաշտպանների վրա անհամաչափ բեռ դնելու համար, մշակեն արդյունավետ հակա-SLAPP երաշխիքներ՝ Եվրոպայի խորհրդի CM/Rec(2024)2 հանձնարարականին համապատասխան, ինչպես նաև ամբողջությամբ իրականացնեն Օրհուսի կոնվենցիայի 3-րդ հոդվածի 8-րդ կետով Հայաստանի ստանձնած պարտավորությունները։
Հոկտեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վայոց ձորում ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման մեկնարկի հանդիսավոր արարողությանը։ Վարչապետը շրջայց է կատարել բացահանքի տարածքում, ծանոթացել հանքավայրի շահագործման համար ստեղծված պայմաններին։ Հաջորդիվ կայացել է Ամուլսարի առաջին ոսկու կորզման և ձուլման հանդիսավոր արարողությունը, որով ազդարարվել է հանքավայրի շահագործման մեկնարկը։