Բաքվում ձերբակալվել է 37 մարդ՝ դպրոցական համազգեստի նոր պահանջների դեմ բողոքելու համար, հայտնել է Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը։
Ըստ հաղորդագրության՝ մի խումբ անձինք խոչընդոտել են պետական դպրոցներում համազգեստի կրումը պարտադրող՝ Նախարարների կաբինետի կանոնակարգերի կատարմանը։ Նրանք հակամարտություններ են հրահրել դպրոցի աշխատակիցների հետ, վնաս հասցրել պետական ուսումնական հաստատություններին, ինչպես նաև փորձել են խաթարել երթևեկությունն ու դպրոցների բնականոն աշխատանքը։
Քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 233-րդ հոդվածով (հասարակական կարգը խախտող գործողությունների կազմակերպում կամ նման գործողություններին ակտիվ մասնակցություն)։
Սեպտեմբերին Ադրբեջանի կառավարությունը փոփոխություններ է կատարել պետական դպրոցների աշակերտների հագուկապի կանոններում։ Նոր կանոնակարգերն արգելում են աշակերտներին կրել այնպիսի հագուստ, որը խախտում է սահմանված համազգեստի պահանջները կամ չի համապատասխանում կրթական համակարգի աշխարհիկ բնույթին։