Հայաստանի նպատակների մեջ չի եղել, չկա և չի լինելու Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների խզումը, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա այդ մասին ասել է Radio France International-ին տված հարցազրույցում:
Անդրադառնալով ՀՀ-ԵՄ հարաբերությունների հետ կապված հանրաքվե անցկացնելու վերաբերյալ ՌԴ պաշտոնյաների պնդումներին՝ նա ասել է, որ այս պահին հանրաքվե անցկացնելն անիրատեսական է, հայտնում է 1lurer.am-ը:
«Եթե դուք ինձ հարց տաք, ասեք՝ «Հայաստանի Հանրապետությունն այսօր պատրա՞ստ է լինել Եվրոպական միության անդամ»։ Ես անկեղծ կասեմ, որ՝ ոչ, որովհետև մենք դեռ շատ բարեփոխումներ պետք է իրականացնենք, որպեսզի համապատասխանենք այդ չափանիշներին։ Այսինքն՝ դիմելն ինքնին արդեն ենթադրում է գործընթացի հասունացածության որոշակի մակարդակ։ Ուղղակի դիմել՝ դիմելու համար, դա այդքան էլ տրամաբանական չէ, մանավանդ որ մենք ԵՄ-ի հետ շատ ակտիվ աշխատում ենք, որպեսզի մեր երկրում բարեփոխումները հնարավորինս արդյունավետ կերպով կյանքի կոչենք»,- նշել է Փաշինյանը։
Նա հավելել է, որ Հայաստանն ուզում է զարգացնել Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները:
«Պարզապես պետք է արձանագրենք՝ անկախ ամեն ինչից, անկախ քաղաքական առաջնորդությունից, մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ չեն կարող նույնը լինել, ինչ նախկինում։ Փոխվել է այն, որ նախկինում կար կոնֆլիկտ Ադրբեջանի հետ, հիմա կա խաղաղություն»,- ասել է Փաշինյանը։
Անդրադառնալով Ռուսաստանից հնչող այն հայտարարություններին, որոնց համաձայն «Հայաստանը կարող է դառնալ երկրորդ Ուկրաինա»՝ կառավարության ղեկավարը վստահություն է հայտնել, որ նման զարգացում տեղի չի ունենա։
«Կարծում եմ և համոզված եմ, որ նման բան չի լինի»,-ասել է նա:
«Ռոսսելխոզնադզորը» հունիսի 2-ից ժամանակավոր սահմանափակումներ է կիրառել Հայաստանից բալի, կեռասի, ծիրանի, սալորի, դեղձի, նեկտարինի և խաղողի ներմուծման նկատմամբ։ Դրանից առաջ սահմանափակումներ են կիրառվել նաև Հայաստանից արտահանվող մի շարք բանջարեղենային մշակաբույսերի նկատմամբ։ Ռուսաստանը նաև արգելել է հայկական «Ջերմուկ» հանքային ջրերի, ծաղիկների, ձկնամթերքի և որոշ ալկոհոլային խմիչքների ներմուծումը։