Կառավարությունը COP17-ի բրենդային նվերների ձեռքբերման համար ծախսել է մոտ 290 միլիոն դրամ, հայտարարել է ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիաննա Մանուկյանը:
Նա նշել է, որ պետությունը ձեռք է բերել 19 հազար 700 հատ բեյջի թել՝ յուրաքանչյուրը 1248 դրամով, հայտնում է Panorama.am-ը:
«Երեկ ամբողջ օրը ես ու գործընկերս շուկայում 55 դրամը գերազացող բեյջի թել չկարողացանք գտնել։ Հանուն արդարության շուկայի մասնագետներն ինձ ասացին, որ ամենալավ որակի, ամենաթանկ բրենդային տպագրությամբ բեյջի թելը կարժենա 600 դրամ։
Այս գնով կարելի է բեյջի թելի արտադրություն դնել։
Ձեռք են բերել 16 հազար 500 հատ թերմոս 7800 դրամով։ Քանի որ բոլոր պայմանագրերում բացակայում են բնութագրիչները, իրականացրեցի շուկայի փոքրիկ վերլուծություն. ձեռք բերեցի շուկայում առկա լավ որակի 4 տարբեր մոդելի թերմուս, որոնց արժեքը տատանվում է 2000-3500-ի սահմաններում՝ մանրածախի համար։
Եթե դրանց վրա անեի բերենդային տպագրություն, կծախսեի ևս 1000 դրամ, այսինքն մանրածախ ամենաթանկ գինը կունենայի 4500 դրամ՝ ձեր ձեռք բերած 7800-ի փոխարեն։
Պետությունը ձեռք է բերել 16 հազար 500 հատ էկո-պայուսակ յուրաքանչյուրը 3432 դրամով։ Ես մանրածախում ձեռք եմ բերել արդեն բրենդավորված էկո-պայուսակ 3000 դրամով։
Պետությունը ձեռք է բրել 18 հազար 550 հատ կրծքանշան՝ 2340-2964 դրամով։ Ամենալավ որակի կրծքանշանները շուկայում արժեն 1800 դրամ։
Պայմանագրում էլի հոդվածներ կան, որոնք տրամաբանության մեջ չեն տեղավորվում։
Չլինելով գնումների մասնագետ, ծախսելով ընդամենը մեկ օր՝ ինձ հաջողվեց այս պայմանագրում խնայել 84 միլիոն 984 հազար 600 դրամ»,-ասել է նա:
Ազգային ժողովի արտահերթ նիստում քննարկվում է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի քարտուղարության միջև կողմերի համաժողովի տասնյոթերորդ հանդիպման, որպես Կարթագենյան արձանագրության կողմերի հանդիպում հանդես եկող կողմերի համաժողովի քսաներորդ հանդիպման և որպես Նագոյայի արձանագրության կողմերի հանդիպում հանդես եկող կողմերի համաժողովի վեցերորդ հանդիպման անցկացման վերաբերյալ» համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը:
Հայաստանը հոկտեմբերի 19-30-ը հյուրընկալելու է ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովը՝ CBD COP17-ը։