Հարևան Վրաստանում մեկնարկել են քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումները։ Այս շրջանակում Թբիլիսիում անցկացվող «Աստված, Հայրենիք, Մարդ» խորագրով միջազգային սիմպոզիումի ընթացքում ունեցած ելույթում Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ընդգծել է, որ 17 դար առաջ կայացված պատմական որոշումը կանխորոշել է վրաց ժողովրդի զարգացման ուղին ու ազգային ինքնությունը։ Նա հիշեցրել է, որ Վրաստանը պատկանում է այն բացառիկ երկրների թվին, որտեղ Ավետարանը տարածվել է դեռևս առաջին դարում՝ Քրիստոսի առաքյալների քարոզչությամբ։
Վրացական կառավարության ղեկավարը շնորհավորել է միջոցառման մասնակիցներին պատմական հոբելյանի առթիվ՝ հատուկ անդրադառնալով հոգևոր կյանքի ամրապնդման գործում Վրաց Եկեղեցու դերակատարմանը։ Կոբախիձեն նշել է, որ դարեր շարունակ Եկեղեցին եղել է երկրի հոգևոր հենասյունը, իսկ ժամանակակից անկախ պետության կառուցման գործում առանձնահատուկ է Իլիա Երկրորդ Պատրիարքի ավանդը։ Վրաստանի վարչապետի փոխանցմամբ՝ պետությունը Եկեղեցու հետ սերտ համագործակցությամբ պաշտպանելու է այն արժեքները, որոնց վրա հիմնված է ազգային միասնությունը։