Դա հայի դեմ հանցավոր ծրագրի բացահայտումն է․ Աշոտյանը՝ Փաշինյանի՝ պատմության թեզի մասին

Բաժանորդագրվել

Ըստ Աշոտյանի՝ Փաշինյանն այսօր ավտորիտար լծակների է տիրապետում ու դրանով փորձում է փոխել հայ ժողովրդի անցյալը։

ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնի է պատմության և գիտության դեմ իր անողոք պայքարով, իսկ պատմության մասին նոր թեզով փորձում է փոխել անցյալն ու մոդելավորել նոր ապագա։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր անդրադարձել է «պատմության» ընկալմանը՝ առաջ քաշելով այն թեզը, թե պատմությունը ոչ թե անցյալում է, այլ ապագայում։ Նա նաև պնդել է, որ անցյալը պետք է դիտարկել որպես գործնական փորձառություն։

«Փաշինյանի պատերազմը գիտության ճյուղերի, մշակութաբանության դեմ հայտնի է։ Նա անողոք պայքար է մղում բազմաթիվ գիտական ճյուղերի հետ։ Օրինակ` կորոնայի ժամանակ բժշկության դեմ էր, ամեն անգամ մի ճյուղ է ընտրում ու պայքարում դրա դեմ՝ փորձելով ապացուցել անապացուցելին։ Հիմա էլ իր կռիվը շարունակում է պատմության դեմ։ Քիչ թե շատ պատմություն իմացող մարդիկ գիտեն՝ պատմությունն իրականում անցյալի մասին է, ուրիշ բան, որ ներկան է կերտում այդ անցյալը։ Նիկոլ Փաշինյանի դեպքում մի կարևոր հանգամանք կա՝ ինքը հիմա իշխանության է, տիրապետում է ներկային, ավտորիտար կերպով բազմաթիվ լծակների է տնօրինում, փոխում է մեր անցյալը, որպեսզի մոդելավորի մեր ապագան»,- ասաց Աշոտյանը։

Ըստ նրա՝ Փաշինյանը շատ լավ հասկանում է, թե ինչ է ասում ու նրա ասածը հայ ժողովրդի դեմ իր հանցավոր ծրագրի բացահայտումն է։

Հիշեցնենք, որ իր այդ խոսքում Փաշինյանը շեշտել է, որ այն ինչ տեղի է ունեցել անցյալում, պատմական փորձ է, որը պետք է ծառայի որպես «գործնական ձեռնարկ»՝ հասկանալու, թե ինչ է պետք անել և ինչ չանել՝ անցյալի պատմությունը չկրկնելու համար։
Որպես լուծում նա նշել է այն, որ պատմություն ասելով պետք է հասկանալ ոչ թե անցյալը, այլ այն, թե ինչ պետք է տեղի ունենա։ Ըստ Փաշինյանի՝ այդ մոտեցումն այսօրվա քաղաքացուն դարձնում է պատմության լիարժեք հեղինակ, քանի որ այն ներկայում է ստեղծվում և ստեղծվելու է վաղը։

Leave a comment