Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Երևանի ավագանու նախկին անդամ Մեսրոպ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է քաղաքապետարանի պաշտոնյաների աշխատավարձերի հաշվարկման նոր համակարգ․
«Հոկտեմբերի 13-ին, Երևանի ավագանու հերթական նիստում ՔՊ իշխանությունը նախատեսում է հաստատել քաղաքապետարանի պաշտոնյաների աշխատավարձերի հաշվարկման նոր համակարգ․
Քաղաքապետ՝ 1,320,000-ից՝ 2,080,000 դրամ, աճը՝ 760,000 դրամ
Քաղաքապետի առաջին տեղակալ՝ 1,020,000-ից՝ 1,913,600 դրամ, աճը՝ 893,600 դրամ
Քաղաքապետի տեղակալ՝ 952,000-ից՝ 1,830,400 դրամ, աճը՝ 878,400 դրամ
Վարչական շրջանի ղեկավար՝ 850,000-ից՝ 1,248,000 դրամ, աճը՝ 398,000 դրամ
Քաղաքապետի խորհրդական՝ 629,000-ից՝ 915,200 դրամ, աճը՝ 286,200 դրամ
Իսկ օրինակ Վարչական շրջանի աշխատակազմի հավաքարարի աշխատավարձն ընդամենը 47,840 դրամով է բարձրանում
Այս նախագծում ո՛չ մի խոսք չկա «Երևան ավտոբուսի» վարորդների աշխատավարձերի բարձրացման մասին:
Ո՛չ մի խոսք չկա «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի՝ ամեն օր Երևանի փողոցները մաքրող աշխատակիցների աշխատավարձերի բարձրացման մասին:
ՔՊ-ի պատկերացմամբ Երևանը միայն քաղաքապետարա՞նն է, թե՞ նաև այն մարդիկ, որոնց ամենօրյա աշխատանքի շնորհիվ քաղաքն ապրում է:
Երևանի բյուջեն քաղաքապետարանի ղեկավարության անձնական բյուջեն չէ՝ դա երևանցիների գումարն է:
Սեփական աշխատավարձերը վերանայելուց առաջ գուցե արժե՞ր հիշել նաև նրանց, ովքեր ամեն օր իրական աշխատանքով սպասարկում են Երևանը»,-գրել է պատգամավորը:
Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակիցների աշխատավարձերը հինգ տարուց ավելի չեն վերանայվել։
Ըստ նրա ՝ ավագանու նիստում հաստատվելու են աշխատավարձերի հաշվարկման գործակիցները, ոչ թե վերջնական չափերը:
«Տեսնելով աշխատավարձերի բարձրացման մասին մամուլում շրջանառվող մոլորեցնող լուրերը՝ հարկ եմ համարում տեղեկացնել.
Վաղվա ավագանու նիստում նախատեսվում է հաստատել աշխատավարձերի հաշվարկման գործակիցները, այլ ոչ թե աշխատավարձերի վերջնական չափերը։ Իսկ աշխատավարձերի հաշվարկման հիմքը լինելու է բազային աշխատավարձը, որի չափը պետք է սահմանվի Երևանի 2027 թվականի բյուջեով։
Երկրորդ՝ մամուլում ներկայացվող գումարներն ակնհայտորեն ներառում են նաև օրենքով սահմանված հարկերն ու պարտադիր վճարները։ Հետևաբար դրանք որպես փաստացի ստացվելիք աշխատավարձ ներկայացնելը ակնհայտ իրականությունը խեղաթյուրելու միտում ունի։ Հրապարակվող թվերից պետք է առնվազն նվազեցնել համապատասխան հարկերն ու պարտադիր վճարները մոտ 25%։ Օրինակ՝ եթե տեսնում եք 2 մլն դրամ, դա իրականում 1․5 մլն դրամ է»,-ասվում է գրառման մեջ:
Գալջյանը հավելել է, որ փաստացի Երևանի քաղաքային բյուջում որևէ էական նոր ֆինանսական բեռ չի ավելանում, քանի որ այն գումարները որոնք աշխատակիցները ստանում էին որպես պարգևավճար պարզապես դառնում է աշխատավարձի մաս:
«Շարունակելով թեման պետք է հիշեցնել, որ վերջին տարիներին ընդունած տարբեր որոշումներով բարձրացվել են Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող հազարավոր աշխատակիցների աշխատավարձերը։
Մասնավորապես՝
- մանկապարտեզներում,
- գրադարաններում,
- «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում,
- «Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ում,
- աղբահանության և կանաչապատման հիմնարկներում,
- առողջության կենտրոններում, – մշակութային կազմակերպություններում և մի շարք այլ հիմնարկներում։
Այս հիմնարկներում աշխատում են հազարավոր մեր քաղաքացիներ, որոնք ունեն ընտանիքներ։ Փաստացի, քաղաքային բյուջեի միջոցներով բարձրացվել են տասնյակ հազարավոր մարդկանց եկամուտները։
Մինչդեռ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի և վարչական շրջանների աշխատակիցների աշխատավարձերը վերջին անգամ բարձրացվել են ավելի քան հինգ տարի առաջ։ Այս ընթացքում Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը շուրջ 204 հազար դրամից հասել է 312 հազար դրամի՝ աճելով ավելի քան 53%-ով։ Սա վկայում է, որ վերջին հինգ տարիներին աշխատաշուկայում աշխատավարձերի մակարդակն էականորեն փոխվել է։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերի բարձրացումը ոչ միայն անհրաժեշտ, այլև անխուսափելի քայլ է»,-ասվում է գրառման մեջ:
Գալջյանը հավելել է, որ քաղաքապետարանը, որպես գործատու, պետք է կարողանա մրցակցել աշխատաշուկայում, պահպանել իր փորձառու մասնագետներին և ներգրավել նոր, բարձր որակավորում ունեցող կադրերի։
Ըստ նրա, հակառակ դեպքում, երբ աշխատաշուկայում նույն մասնագիտական կարողությունների համար առաջարկվում է էականորեն ավելի բարձր վարձատրություն, քաղաքապետարանը պարզապես չի կարողանա պահպանել և համալրել իր մասնագիտական ներուժը, ինչն անմիջականորեն կարող է անդրադառնալ քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի վրա։
«Խոսքը մոտ 2000 աշխատակիցների մասին է, որոնք նույնպես մեր երկրի քաղաքացիներն են, ունեն ընտանիքներ և իրենց աշխատանքով ապահովում են Երևանի ամենօրյա կառավարումն ու բնակիչներին մատուցվող ծառայությունները։ Նրանց ճնշող մեծամասնությունը ոչ թե բարձրաստիճան պաշտոնյաներ, քաղաքական պաշտոն զբաղեցնող անձինք կամ կուսակցական գործիչներ են, այլ տարբեր ոլորտներում աշխատող մասնագետներ և ծառայողներ»,-ասվում է գրառման մեջ: