Ազգային ժողովում ներկայացվեց Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի (ՎԶՄԲ) միջև ստորագրված «Հայաստանի բնակարանային ապահովման և հիփոթեքային շուկայի զարգացման ծրագիր» ֆինանսական համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Լուսինե Քոչարյանի փոխանցմամբ՝ տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի ընդհանուր արժեքը գնահատվում է շուրջ 880 միլիոն դոլար։
Ծրագրի ընդհանուր ֆինանսավորման ծավալը կազմում է 284.4 միլիոն դոլար, որից․
-240 միլիոն դոլար – ՎԶՄԲ վարկային միջոցներ,
-24.4 միլիոն դոլար – Գլոբալ արտոնյալ ֆինանսավորման գործիքից դրամաշնորհ,
-10 միլիոն դոլար – դրամաշնորհ «Կենսունակ մոլորակ» հիմնադրամից,
-10 միլիոն դոլար – վարկային միջոցներ Ազգային հիփոթեքային ընկերությանը։
Նախարարի տեղակալի խոսքով՝ ծրագիրն ուղղված է ինչպես անմիջական սոցիալական աջակցությանը, այնպես էլ հիփոթեքային շուկայի զարգացմանը։ 45,000 տեղահանված անձ կստանա կանխիկ աջակցություն (կանխավճարի և հիփոթեքային վճարների ֆինանսավորում)։
6,500 տեղահանված ընտանիք կստանա բնակարանի ձեռքբերման հավաստագիր։
ՎԶՄԲ-ից ներգրավվող 240 միլիոն դոլար վարկը տրամադրվում է հետևյալ պայմաններով․
-Ժամկետը․ 29 տարի, որից 10 տարին՝ արտոնյալ,
-Տոկոսադրույքը․ լողացող (SOFR + փոփոխական սպրեդ), որն ընթացիկ ամսվա դրությամբ կազմում է 5.53%,
-Մարումները․ առաջին մարումը նախատեսված է 2036 թվականի փետրվարի 1-ին, իսկ վարկի փակման ամսաթիվն է 2030 թվականի դեկտեմբերի 31-ը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Եվգենյա Համբարձումյան