Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է մայրաքաղաքում տրանսպորտային խցանումների նվազեցման անհրաժեշտությանը:
«Չի կարող 1 վթարի պատճառով ամբողջ Մյասնիկյան պողոտան կանգնի»,- ասել է նա, գրում է Radar.am-ը:
Նա առանձնացրել է հանրային տրանսպորտի երթևեկությունը խոչընդոտող 3 հիմնական խնդիր։
«Առավոտյան ժամերին մեր ավտոբուսները շարժվում են՝ A-ից B գնալու համար ինչ-որ ժամանակ ծախսելով, իսկ պիկ ժամերին այդ ժամանակը մինչև 70-80 տոկոս կարող է ավելանալ։ Սա խոսում է մի բանի մասին, որ հանրային տրանսպորտում մեր փորձարարական ավտոբուսային գծերը, իհարկե, տալիս են որոշակի էֆեկտ, բայց շատ կոնկրետ միջանցքների համար։ Հստակ է, որ ավտոբուսային գծերը մեր բոլոր հիմնական երթուղիներում պետք է լինեն, և պետք է ապահովենք մեր ավտոբուսների ու տրոլեյբուսների անխափան անցանելիությունն իրենց հիմնական երթուղիներով։ Սա չի նշանակում, որ ամբողջ քաղաքում բոլոր տեղերում լինելու են ավտոբուսային գծեր, բայց դա նշանակում է, որ հիմնական անցուղիներն ունենալու են առանձնացված ավտոբուսային գծեր, և դա նշանակում է, որ ավտոբուսներն ավելի քիչ ժամանակ են ծախսելու նույնիսկ պիկ ժամերին A-ից B անցնելու համար»,- ասել է նա։
Քաղաքապետը որպես հաջորդ կարևոր խնդիր առանձնացրել է ճանապարհների երթևեկելի հատվածներում կանոնների խախտմամբ կայանված ավտոմեքենաները, որոնք զգալիորեն դանդաղեցնում են տրանսպորտային հոսքը։
«Երկրորդ կարևոր հանգամանքն այն է, որ մեր չափումները ցույց են տալիս՝ որևէ փողոցում երկրորդ գծում կայանված մեքենան առաջին ավտոմեքենային պատճառում է 4 վայրկյան վնաս, երկրորդին՝ 6 վայրկյան, և պիկ ժամին այդ շղթայական տրամաբանությամբ գնում, հասնում է հազարերորդ մեքենային։ Ու խոսքը մեկ մեքենայի մասին չէ, այլ՝ հետո մյուսն է գալիս, հետո առաքիչն է գալիս։ Ու այս տրամաբանությամբ, եթե 1000 մեքենան պետք է անցնեին 3 ժամում, անցնում են 4 ժամում։ Ուստի մենք պետք է մեր գործիքակազմը՝ տեսահսկող սարքերն օգտագործենք, որ այս տեսակի խախտումները պատժվեն»,-ասել է քաղաքապետը:
Ավինյանը երթևեկության կազմակերպման երրորդ լուրջ խոչընդոտ է համարել ճանապարհատրանսպորտային պատահարները։
«Դրանք ավտովթարներն են՝ 50-80 հազար դրամանոց․ իրար «կռիլո» քսած երկու մեքենան կարող է 2 կմ-անոց խցանում ստեղծել, որովհետև եթե 3 գծանոց Մյասնիկյան պողոտայում 2 գիծը իրենք փակում են, միջինացված 22 կմ/ժ-ը դառնում է 8 կմ/ժ, որովհետև վերադասավորումներ պետք է տեղի ունենան, և ահռելի խցանում է լինում»,- ասել է նա։
Քաղաքապետը նաև հիշեցրել է, որ Երևանի տեղական ինքնակառավարման մասին օրենսդրությամբ նախատեսվում են տուգանքներ այն դեպքերի համար, երբ ճանապարհատրանսպորտային պատահարի մասնակիցները 15 րոպեի ընթացքում չեն ազատում վթարի վայրը՝ խոչընդոտելով մյուս տրանսպորտային միջոցների երթևեկությանը։
Ավինյանը հասարակական կարգի պահպանության ծառայությանը հանձնարարել է առաջիկա երկու ամսվա ընթացքում մշակել և ընտրել նմանատիպ խախտումները հայտնաբերելու ու արձանագրելու առավել արդյունավետ մեխանիզմը։