Քաղաքականություն
12.10.2026 | 14:08
Ազգային ժողովի ամբիոնից «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Տարոն Չախոյանն անդրադարձավ COP17 գագաթնաժողովի կազմակերպման համար կատարված ծախսերի վերաբերյալ ընդդիմության քննադատություններին։
Չախոյանն ընդգծեց, որ միջազգային համաժողովին մասնակցելու համար Հայաստան են ժամանելու շուրջ 190 երկրների ղեկավարներ, նախագահներ և մոտ 15,000 պաշտոնյաներ։ Նա հակադարձեց ընդդիմադիրների դժգոհություններին՝ կապված աթոռների համար 16,000 դրամ և Mercedes Sprinter-ների վարձակալության համար 210,000 դրամ ծախսելու հետ։
«Ժողովո՛ւրդ, ի՞նչ անեինք, բա իշաոտնուկ դնեինք, իշաոտնուկի վրա բերենք նախագահներին նստեցնե՞նք, դա ո՞նց եք պատկերացնում։ Դուք ձեր տանը ի՞նչ գնանոց աթոռի վրա եք նստում։ Պարո՛ն Կարապետյան, Ձեր տան աթոռների մոտավոր արժեքը կասե՞ք։ Կարո՞ղ է շատ անհարմար իրավիճակ ստեղծվի»,- հետաքրքրվեց Չախոյանը։
Պատգամավորը քննադատեց ընդդիմության դիրքորոշումը՝ պնդելով, որ նրանց նպատակն է երկիրը ներկայացնել «ծայրագավառի տեսքով»։
«Բա ի՞նչ անենք, ձեր կառավարման տարիների այն ՌԱՖ-երը, մեջերը իշաոտնուկ դրած, դրանցի՞ց բերենք, երկրների նախագահներին դրանցո՞վ տեղափոխենք։ Չէ՛, ժողովո՛ւրդ, Հայաստանը ծայրագավառ չի լինելու․․․ Ես հասկանում եմ Կալուգայի հանդեպ ձեր վախերը, որովհետև ձեր արմատները Կալուգայից են սնվում, բայց Հայաստանը Կալուգա չի դառնալու»,- եզրափակեց Չախոյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Եվգենյա Համբարձումյան