Վրացական ընկերությունները կարող են կորցնել իրենց եկամուտների մինչև 70%-ը, եթե զրկվեն ռուսական շուկա մուտք գործելու հնարավորությունից։ Այս մասին հայտարարել է Մամուկա Պիպիան՝ անդրադառնալով վրացական արտադրանքի ներմուծման նկատմամբ Ռուսաստանի սահմանած սահմանափակումներին։
Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Ռուսաստանի սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության վերահսկողության դաշնային ծառայությունը (Ռոսպոտրեբնադզոր) սահմանափակել է վրացական յոթ ընկերությունների արտադրանքի մատակարարումները։ Ցանկում ընդգրկվել են Coca-Cola ըմպելիքների արտադրողը և «Նաբեգլավի» ընկերությունը։ Սահմանափակումների պատճառ է նշվել արտադրանքի անհամապատասխանությունը անվտանգության ցուցանիշներին և պահանջներին։
Պիպիայի խոսքով՝ վրացական ընկերություններն արդեն փորձել են աշխատել այլ շուկաներում, սակայն նրանց համար հիմնականը շարունակում է մնալ ռուսական շուկան։
«Այլ շուկաներ արդեն փորձել են։ Հիմնական շուկան, իհարկե, ռուսականն է։ Եթե ռուսական շուկան կորցնեն, համարեք, որ այդ ընկերությունները կկորցնեն իրենց եկամուտների 70%-ը», — ընդգծել է քաղաքական գործիչը։
Նա նախազգուշացրել է, որ ռուսական շուկայից դուրս գալը կարող է հանգեցնել աշխատատեղերի կրճատման՝ բացասաբար անդրադառնալով ինչպես Վրաստանի բնակչության, այնպես էլ պետական բյուջեի վրա։
Անդրադառնալով սահմանափակումների հնարավոր պատճառներին՝ Պիպիան ենթադրել է, որ դրանք կարող են կապված լինել Ռուսաստանի և նրա քաղաքացիների նկատմամբ ընկերությունների ոչ բարեխիղճ վարքագծի հետ։
Նրա կարծիքով՝ եթե ընկերությունները շարունակեն ֆինանսավորել Ռուսաստանի հակառակորդներին, սահմանափակումների ենթակա արտադրողների ցանկը կարող է ընդլայնվել՝ ընդգրկելով ոչ միայն գինու և ալկոհոլային խմիչքների, այլև գյուղատնտեսական արտադրանքի մատակարարներին։