Բացահայտվել և կանխվել է մաքսանենգ ճանապարհով Իրանից ՀՀ տարածք առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների տեղափոխման դեպք
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում ստացված օպերատիվ տվյալների իրացման շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել և կանխվել է Իրանի Իսլամական Հանրապետությունից մաքսանենգ ճանապարհով Հայաստանի Հանրապետություն առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ տեղափոխելու դեպք: Այդ մասին հայտնում են ԱԱԾ-ից:
Ազգային անվտանգության մարմինների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ՀՀ քաղաքացիներ Ն.Հ.-ն և Վ.Թ.-ն, ինքնությունը դեռևս չպարզված ԻԻՀ մի քաղաքացու հետ համատեղ, խմբի կազմում, նախնական համաձայնությամբ, միմյանց գործողությունները փոխլրացնելով, պատրաստվում են հայ-իրանական սահմանի մերձակայքում գտնվող թաքստոցից՝ իրացնելու նպատակով ձեռք բերել Իրանի Իսլամական Հանրապետությունից մաքսանենգ ճանապարհով Հայաստանի Հանրապետություն ներկրված առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց։
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ս.թ. սեպտեմբերի 29-ին Ն.Հ.-ն և Վ.Թ.-ն, վերջինիս կողմից շահագործվող «Մերսեդես ՄԼ» մակնիշի ավտոմեքենայով, Նռնաձոր գյուղի մերձակայքում, ինքնությունը դեռևս չպարզված ԻԻՀ քաղաքացու մատնանշած կոնկրետ թաքստոցից վերցրել են վերջինիս կողմից մաքսանենգ ճանապարհով ՀՀ ներկրված թմրանյութերի խմբաքանակը և ուղևորվել դեպի Երևան։
ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից բացահայտվել և կանխվել է հանցավոր խմբի գործունեությունը, և վերջիններս հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության պայմաններում ձերբակալվել են Մեղրի համայնքի տարածքում:
Իրականացված վարութային գործողությունների արդյունքում վերջիններիս ավտոմեքենայում հայտնաբերվել և առգրավվել է 69.3 կիլոգրամ ընդհանուր քաշով մարիխուանա տեսակի թմրամիջոց: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի, 399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի,ինչպես նաև 46-399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով, նախաձեռնվել է քրեական վարույթ, Ն.Հ.-ն և Վ.Թ.-ն դատարանի որոշմամբ կալանավորվել են։