SpaceX-ը նախատեսում է մուտք գործել ԱՄՆ հեռահաղորդակցության շուկա՝ որպես բջջային օպերատոր

Իլոն Մասկի SpaceX ընկերությունը հայտարարել է ԱՄՆ հեռահաղորդակցության շուկա՝ որպես լիարժեք բջջային օպերատոր մուտք գործելու ծրագրերի մասին։ Այդ նպատակով ընկերությունը համաձայնության է եկել երկրի ամբողջ տարածքն ընդգրկող ռադիոհաճախականությունների օգտագործման լիցենզիաների փաթեթի ձեռքբերման շուրջ։

«SpaceX-ը հայտարարել է 800 ՄՀց տիրույթում մինչև 14 ՄՀց ընդհանուր ծավալով զույգ հաճախականությունների ցածր հաճախականային սպեկտրի օգտագործման համազգային փաթեթի ձեռքբերման համաձայնագրի մասին։ Այս արժեքավոր սպեկտրը վերացնում է դեռևս առկա հիմնական տեխնիկական խոչընդոտներից մեկը՝ Starlink Mobile-ի համար ճանապարհ բացելով ԱՄՆ-ում խոշոր բջջային օպերատոր դառնալու ուղղությամբ», — նշվում է ընկերության հայտարարության մեջ։

SpaceX-ն ընդգծում է, որ նշված հաճախականություններով արբանյակների և սովորական սմարթֆոնների միջև անմիջական կապը կարող է ապահովել ազդանշանի ներթափանցումը շենքերի պատերի միջով՝ ստեղծելով կայուն ծածկույթ առանց ավանդական վերգետնյա բջջային կապի աշտարակների օգտագործման։

ԱՄՆ Կապի դաշնային հանձնաժողովի (FCC) վերջնական հաստատումից հետո նախագիծը կվերածվի հիբրիդային ցանցի, որը կմիավորի արբանյակային համակարգն ու վերգետնյա ենթակառուցվածքները։ Ընկերության հայտարարության համաձայն՝ դա հնարավորություն կտա ապահովել անխափան կապի հասանելիություն, այդ թվում՝ այն տարածքներում, որտեղ բջջային ծածկույթն ամբողջությամբ բացակայում է։

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին նաև Մասկի՝ նոր սերնդի արբանյակներ գործարկելու ծրագրերի մասին, որոնք կգործեն որպես ուղեծրային տվյալների կենտրոններ։

Leave a comment