Բռնցքամարտիկ Շարբաթյանը ոսկի է նվաճել պատանիների ԵԱ-ում, Հարությունյանը՝ արծաթ

Հայաստանի պատանեկան հավաքականի ներկայացուցիչ 50 կգ քաշային Հակոբ Շարբաթյանը Եվրոպայի առաջնությունում ոսկե մեդալ է նվաճել՝ եզրափակիչում առավելության հասնելով ռումինացի մրցակցի նկատմամբ։

Շարբաթյանը լարված և համառ եզրափակիչ մենամարտում հաղթանակ է գրանցել ռումինացի մրցակից Ալեքսանդրո Բուտանի նկատմամբ, հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան:

Հայաստանի հավաքականը ևս մեկ մեդալ է ապահովել Ռոմիկ Հարությունյանի շնորհիվ։ 66 կգ քաշային կարգում հանդես եկող հայ բռնցքամարտիկը հասել է եզրափակիչ և արժանացել արծաթե մեդալի։ Վճռորոշ մենամարտում Հարությունյանը 1։4 հաշվով զիջել է Իտալիան ներկայացնող Ռաուլ Բարոնին։

Եվրոպայի առաջնությունում Հայաստանի պատանեկան հավաքականի մեդալների շարքը համալրել է նաև Էդուարդ Քարամյանը, որն իր մրցելույթներն ավարտել է բրոնզե մեդալով։

Leave a comment