«Թրամփը շատ զայրացած է»․ նա հույս ունի, որ Ուկրաինան կպահպանի էներգետիկ հրադադարը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հույս ունի, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կհետևի էներգետիկ հրադադարին և կդադարեցնի հարվածները ռուսական նավթավերամշակման գործարաններին։ Այս մասին գրում է Axios-ը, որին վկայակոչում է Meduza-ն:

«Թրամփը շատ զայրացած է։ Նրան թվում է, թե Զելենսկին ԱՄՆ-ի օգնությունն ընկալում է որպես ինքնըստինքյան մի բան»,- Axios-ին ասել է Սպիտակ տան աղբյուրը։

Եթե նավթավերամշակման գործարաններին հարվածները դադարեցվեն, հաջորդ քայլը կարող է լինել էլեկտրակայաններին և էներգետիկ ցանցերին հարձակումները դադարեցնելու շուրջ համաձայնության ձեռքբերումը։

Axios-ը նշում է, որ այն սխեման, որի դեպքում Ռուսաստանը և Ուկրաինան ձեռնպահ են մնում նավթավերամշակման գործարաններին հարվածելուց, կողմերի համար հավասար պայմաններ չի ապահովում։ Ուկրաինան ունի ընդամենը մեկ նավթավերամշակման գործարան, որը, պարբերականի ուկրաինացի աղբյուրի խոսքով, ռուսական զինուժը բազմիցս հարձակման է ենթարկել։ Այդ ձեռնարկությունն այժմ աշխատում է ոչ ամբողջ հզորությամբ։

Ռուսաստանը դեռևս պաշտոնապես չի ընդունել էներգետիկ հրադադարի առաջարկը։ Axios-ի աղբյուրի խոսքով՝ «ռուսները քննարկում են դա», և «շուտով կիմանանք՝ արդյո՞ք նրանք պատրաստ են»։

Դոնալդ Թրամփը հոկտեմբերի 11-ին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ ոլորտում հրադադարի շուրջ։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Axios-ին տված մեկնաբանության մեջ հայտարարել է, որ Թրամփի հայտարարած հրադադարը իր համար «նորություն էր»։

«Բայց եթե ռուսները համաձայնեն էներգետիկ հրադադարին, Ուկրաինան նույնպես կհամաձայնի։ Եթե նախագահ Թրամփը Պուտինի հետ պայմանավորվել է այդ հարցի շուրջ, խնդրում ենք մեզ տեղեկացնել, թե երբ կսկսվի հրադադարը։ Մենք պատրաստ ենք և կընդունենք այն»,- հայտարարել է Զելենսկին։

Թրամփը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև էներգետիկ հրադադարի հաստատման մասին հայտարարել էր նաև սեպտեմբերի 14-ին։ Սակայն Ռուսաստանն ու Ուկրաինան շարունակել են փոխադարձ հարվածներ հասցնել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment