ԱԲ-ի կիրառմամբ զեղծարարությունները 42 երկրներում հանգեցրել են 442 մլրդ դոլարի կորուստների

Արհեստական բանականություն (ԱԲ) կիրառող ինտերնետային զեղծարարների գործողությունների հետևանքով 42 երկրների օգտատերերը կորցրել են 442 մլրդ դոլար, հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով Global Anti-Scam Alliance (GASA) կազմակերպության տվյալներին։

Արհեստական բանականության միջոցով զեղծարարները ստեղծում են կեղծ կայքեր, նմանակում մարդկանց ձայները և մշակում խաբեության սցենարներ։ Նոր տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս իրականացնել ֆիշինգային հարձակումներ և ներդրումային զեղծարարություններ՝ նույնիսկ առանց մասնագիտական տեխնիկական գիտելիքների։

Bloomberg-ի համար հետազոտություն իրականացրած ZeroFox ընկերության տվյալներով՝ երկու տարվա ընթացքում ԱԲ-ի միջոցով հավելվածների մշակման և ստեղծման ինը հարթակների անվճար տարբերակներում հայտնաբերված ֆիշինգային էջերի թիվն աճել է ավելի քան չորս անգամ՝ հասնելով 10.6 հազարի։ Զեղծարարները ստեղծում են բանկերի, առցանց խանութների և հեռահաղորդակցական ընկերությունների կեղծ կայքեր։

«Իրավիճակի նորությունն այն է, որ ԱԲ-ի վրա հիմնված կոդի գեներատորները ծրագրավորման հմտություններ չունեցող մարդուն թույլ են տալիս ընդամենը մի քանի րոպեում ստեղծել բանկային ծառայության մուտքի համոզիչ կեղծ էջ, տեղադրել այն անվճար ենթադոմեյնում և սկսել օգտատերերի մուտքային տվյալների հավաքագրումը՝ նախքան դրա հայտնաբերումը», — նշվում է ZeroFox-ի զեկույցում։

Բացի ԱԲ գործիքներից, զեղծարարներն օգտվում են ընդհատակյա առցանց հարթակներից, որտեղ վաճառվում են գողացված անձնական տվյալներ, կեղծ օգտահաշիվներ և դիփֆեյքերի ստեղծման ծրագրեր։ Նույն հարթակներում առաջարկվում են նաև փողերի լվացման ծառայություններ, ինչը հանցագործներին հնարավորություն է տալիս կազմակերպել բարդ զեղծարարական սխեմաներ՝ առանց սեփական տեխնոլոգիական ենթակառուցվածքներ ստեղծելու։

Bloomberg-ի գնահատմամբ՝ զեղծարարությունների դեմ պայքարը բարդանում է նոր կայքերի և օգտահաշիվների ստեղծման արագության պատճառով։ Բացի այդ, հանցագործների ֆինանսական գործարքները հաճախ իրականացվում են մի քանի երկրների միջոցով՝ դժվարացնելով հետաքննություններն ու հափշտակված միջոցների վերադարձը։

Ռուսաստանում ևս աճել է ԱԲ-ի կիրառմամբ զեղծարարությունների թիվը։ Սոցիալական ինժեներիայի և կիբեռզեղծարարություններում արհեստական բանականության վերլուծության կենտրոնի տվյալներով՝ դիփֆեյքերի թիվը նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ կրկնապատկվել է։

Leave a comment