Ուկրաինայի իշխանությունները հրապարակավ արձագանքել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանը, որով նա անհրաժեշտ է համարել Ուկրաինայի նախագահի փոփոխությունը։ Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան ընդգծել է, որ բացառապես ուկրաինացի ժողովուրդն է իրավասու որոշելու, թե ով պետք է զբաղեցնի երկրի նախագահի պաշտոնը։, հայտնում է Unian.net-ը:
«Նախագահ Զելենսկին առաջնորդում է մեր ժողովրդին պատերազմի ընթացքում՝ անկախության, ազատության և արժանապատվության համար մղվող պայքարում։ Նա վայելում է ուկրաինացի ժողովրդի աջակցությունը, և հենց ուկրաինացիներն ունեն որոշելու իրավունք։ Արտերկրից հնչող հայտարարությունները միայն հաստատում են, որ նա լավ է կատարում իր աշխատանքը։ Նա արժանի է աջակցության»,- ասվում է Սիբիգայի X սոցիալական հարթակում հրապարակված հայտարարության մեջ։
Ավելի վաղ Դոնալդ Թրամփը հայտարարել է Ռուսաստանի հետ ձեռք բերված պայմանավորվածության մասին։ Ըստ այդ տեղեկության՝ համաձայնությունը նախատեսում է Ռուսաստանի դեմ սահմանված ամերիկյան պատժամիջոցների մասնակի ժամանակավոր դադարեցում՝ Միացյալ Նահանգներ ռուսական դիզելային վառելիքի մատակարարումների դիմաց։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին խիստ քննադատության է ենթարկել այդ պայմանավորվածությունը՝ անուղղակիորեն ԱՄՆ նախագահին մեղադրելով թուլություն դրսևորելու մեջ։
Լրագրողների հետ զրույցում Թրամփը պնդել է, թե Զելենսկին հրաժարվում է համաձայնագիր ստորագրել պատերազմի դադարեցման վերաբերյալ։ ԱՄՆ նախագահը նաև քննադատել է ռուսական նավթավերամշակման գործարաններին ուկրաինական հարվածները։
Բացի այդ, Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինային անհրաժեշտ է այլ նախագահ, որը պատրաստ կլինի Ռուսաստանի Դաշնության հետ ստորագրել խաղաղության համաձայնագիր։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է կազմակերպել նախագահական ընտրություններ, եթե Ռուսաստանը համաձայնվի 60-օրյա հրադադարի։ Այդ մասին նա հայտարարել է հոկտեմբերի 11-ին ամերիկյան ABC հեռուստաալիքի This Week հաղորդման եթերում։
«Խնդրում եմ, փոխանցեք Պուտինին՝ մեզ երկու ամիս տվեք, 60 օր լիակատար հրադադար։ 60 օր, և մենք կկազմակերպենք ընտրություններ»,- հաղորդավար Ջոնաթան Կառլի հետ զրույցում ասել է Զելենսկին, գրում է Deutsche Welle-ն:
Ուկրաինայի ղեկավարը նաև շեշտել է, որ, «նախագահ Թրամփի նկատմամբ ողջ հարգանքով հանդերձ», հենց Ուկրաինայի քաղաքացիները «պետք է ընտրեն այս կամ այն առաջնորդին»։
Հաղորդավարը Զելենսկիին հարց է ուղղել, թե ինչու են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և ամերիկացի տեխնոլոգիական միլիարդատեր Իլոն Մասկը նրան մեղադրում պատերազմի շարունակության համար։ Ի պատասխան՝ Ուկրաինայի նախագահը նշել է, որ Վաշինգտոնին չի հաջողվել «գտնել այն բանալին, թե ինչպես կանգնեցնել» Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։
«Որովհետև Պուտինին կանգնեցնելն ավելի բարդ է, քան մյուսների վրա ճնշում գործադրելը։ Որովհետև ավելի հեշտ է խոսել գների մասին և դրանք կապել Ուկրաինայի հետ»,- հավելել է նա։
Թրամփը քննադատել էր Զելենսկիին՝ նշելով, որ վերջինս անտեսել է ռուսական նավթավերամշակման գործարաններին հարվածները դադարեցնելու վերաբերյալ Միացյալ Նահանգների հորդորները։ ԱՄՆ նախագահի գնահատմամբ՝ այդ հարվածների հետևանքով առաջացել է «համաշխարհային խնդիր»։
«Նա (Զելենսկին՝ խմբ.) ցանկանում է խնդիրներ ստեղծել աշխարհի համար։ Նա ցանկանում է խնդիրներ առաջացնել մեր ֆերմերների համար՝ դիզելային վառելիքի պատճառով, քանի որ Ռուսաստանը դիզելային վառելիքի զգալի մասն է մատակարարում ամբողջ աշխարհում։ Նրա (Զելենսկու՝ խմբ.) համար, գրողը տանի, ավելի լավ կլիներ դադարեցնել դա (նավթավերամշակման գործարաններին հարվածները՝ խմբ.)»,- ասել է Սպիտակ տան ղեկավարը։
Հոկտեմբերի 11-ին Զելենսկին արձագանքել է նաև Թրամփի այս հայտարարություններին՝ անդրադառնալով էներգետիկ ենթակառուցվածքների նկատմամբ փոխադարձ հարվածները դադարեցնելու հնարավորությանը։
«Արդեն այսօր իրականում հնարավոր է դադարեցնել էներգետիկայի դեմ հարվածները, սակայն Պուտինը չի ցանկանում դա անել։ Ուկրաինան պատրաստ կլինի դադարեցնել ռուսական նավթավերամշակման գործարաններին հարվածները, եթե Ռուսաստանը դադարեցնի հարվածները մեր էներգետիկ ենթակառուցվածքներին։ Լարվածության նվազեցմանն ուղղված ցանկացած քայլ պետք է լինի փոխադարձ և ամրապնդված իրական երաշխիքներով»,- ընդգծել է Ուկրաինայի նախագահը։