Չի կարող 1 վթարի պատճառով ողջ Մյասնիկյան պողոտան կանգնել. քաղաքապետ
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Առավոտյան ժամերին մեր ավտոբուսները շարժվում են՝ A-ից B գնալու համար ինչ-որ ժամանակ ծախսելով, իսկ պիկ ժամերին այդ ժամանակը մինչև 70-80 տոկոս կարող է ավելանալ։ Սա խոսում է մի բանի մասին, որ հանրային տրանսպորտում մեր փորձարարական ավտոբուսային գծերը, իհարկե, տալիս են որոշակի էֆեկտ, բայց շատ կոնկրետ միջանցքների համար։ Հստակ է, որ ավտոբուսային գծերը մեր բոլոր հիմնական երթուղիներում պետք է լինեն, և պետք է ապահովենք մեր ավտոբուսների ու տրոլեյբուսների անխափան անցանելիությունն իրենց հիմնական երթուղիներով։ Սա չի նշանակում, որ ամբողջ քաղաքում բոլոր տեղերում լինելու են ավտոբուսային գծեր, բայց դա նշանակում է, որ հիմնական անցուղիներն ունենալու են առանձնացված ավտոբուսային գծեր, և դա նշանակում է, որ ավտոբուսներն ավելի քիչ ժամանակ են ծախսելու նույնիսկ պիկ ժամերին A-ից B անցնելու համար»,- Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստին ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։։
Ավինյանը նշեց երկրորդ կարևոր հանգամանքը. «Մեր չափումները ցույց են տալիս՝ որևէ փողոցում երկրորդ գծում կայանված մեքենան առաջին ավտոմեքենային պատճառում է 4 վայրկյան վնաս, երկրորդին՝ 6 վայրկյան, և պիկ ժամին այդ շղթայական տրամաբանությամբ գնում, հասնում է հազարերորդ մեքենային։ Ու խոսքը մեկ մեքենայի մասին չէ, այլ՝ հետո մյուսն է գալիս, հետո առաքիչն է գալիս։ Ու այս տրամաբանությամբ, եթե 1000 մեքենան պետք է անցնեին 3 ժամում, անցնում են 4 ժամում։ Ուստի մենք պետք է մեր գործիքակազմը՝ տեսահսկող սարքերն օգտագործենք, որ այս տեսակի խախտումները պատժվեն»։
Քաղաքապետը խոսեց նաև երրորդ խնդրի մասին. «Դրանք ավտովթարներն են՝ 50-80 հազար դրամանոց․ իրար «կռիլո» քսած երկու մեքենան կարող է 2 կմ-անոց խցանում ստեղծել, որովհետև եթե 3 գծանոց Մյասնիկյան պողոտայում 2 գիծը իրենք փակում են, միջինացված 22 կմ/ժ-ը դառնում է 8 կմ/ժ, որովհետև վերադասավորումներ պետք է տեղի ունենան, և ահռելի խցանում է լինում»։
«Չի կարող 1 վթարի պատճառով ողջ Մյասնիկյան պողոտան կանգնել»,- ասաց նա։