Սաուդյան Արաբիայի օդանավակայանին հութիների հերթական հարվածի հետևանքով 1 մարդ զոհվել է, առնվազն 11-ը՝ վիրավորվել

Էր Ռիադում թագավոր Խալիդի անվան միջազգային օդանավակայանը կրկին հարձակման է ենթարկվել։ Սաուդյան Արաբիայի քաղաքացիական ավիացիայի վարչությունը X-ում գրառմամբ հայտնել է, որ զոհվել է Պակիստանի մեկ քաղաքացի, առնվազն 11 մարդ վիրավորվել է, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Հոկտեմբերի 11-ի հարձակման հետևանքով օդանավակայանի շենքին նյութական վնաս է հասցվել, որի չափերը դեռևս ճշտվում են, հաղորդում է dpa գործակալությունը։ Հարվածի հիմնական թիրախը դարձել է ներքին չվերթներ սպասարկող թիվ 3 և թիվ 4 տերմինալների համալիրը։ Հրդեհ է բռնկվել։

AP գործակալության տվյալներով՝ վերջին հինգ օրվա ընթացքում չորս անգամ հարձակման ենթարկված օդանավակայանը փակ է հոկտեմբերի 10-ին տեղի ունեցած հրթիռային հարվածից ի վեր։ Այդ հարվածը Պարսից ծոցի արաբական երկրներում ամենաշատ զոհեր պատճառած հարձակումն էր Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմի սկսվելուց ի վեր։ Այդ ժամանակ զոհվել էր 13 մարդ, ավելի քան 300-ը՝ վիրավորվել։

Սաուդյան Արաբիայի իշխանությունների տվյալներով՝ հոկտեմբերի 11-ին հարձակման են ենթարկվել նաև Դամամ քաղաքի մերձակայքում գտնվող թագավոր Ֆահդի անվան միջազգային օդանավակայանը և նավթային հսկա Saudi Aramco-ի երկու օբյեկտ։ Ուղևորներից մեկը Reuters-ին հայտնել է, որ արկն ընկել է թռիչքուղու վրա՝ մի քանի կայանված ինքնաթիռների հարևանությամբ, հրդեհ է առաջացրել։

Ըստ Reuters-ի՝ հարձակումների հետևում կանգնած են Եմենի հութի ապստամբները։ Միջադեպերը բացահայտել են Սաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության համակարգի խոցելի կողմերը։ Ավելի վաղ հութիները X սոցիալական ցանցում հայտարարել էին, որ ինքնաթիռները պետք է խուսափեն Սաուդյան Արաբիայի օդային տարածքից՝ այն հռչակելով «ռազմական գործողությունների գոտի»։

Սեպտեմբերի սկզբին հութիները հայտարարել էին Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների ընդլայնման մասին և հարվածներ հասցրել Սաուդյան Արաբիայի հարավում գտնվող չորս քաղաքների։ Զանգվածային հարվածների հետևանքով ավելի քան 70 մարդ էր տուժել, նավթային օբյեկտներում հրդեհներ էին բռնկվել։ Իր հերթին՝ Սաուդյան Արաբիան ավելի քան 60 օդային հարված էր հասցրել հութիների վերահսկողության տակ գտնվող մի քանի նահանգների։

Միևնույն ժամանակ, հութիներն ուժեղացրել են հարձակումները Եմենում՝ նպատակ ունենալով գրավել երկրի Կարմիր ծովի ամբողջ ափամերձ գոտին։ Նրանց ռազմական հաջողությունները, այդ թվում՝ Կարմիր ծովի ափին՝ Բաբ էլ Մանդեբի նեղուցի մոտ գտնվող Մոխա քաղաքի գրավումը, հանգեցրել են նրան, որ Իրանը և նրա դաշնակիցներն ամրապնդել են իրենց վերահսկողությունը տարածաշրջանի առանցքային ծովային ուղիների նկատմամբ։ Ապստամբների հարձակումները սկսել են սպառնալ համաշխարհային առևտրային երթուղիներին և նպաստել էլեկտրաէներգիայի գների աճին։

Հութիների ղեկավարությունը նաև առանձին հայտարարել էր, որ Բաբ էլ Մանդեբի նեղուցը փակ է Սաուդյան Արաբիայի նավերի համար։

Եմենում օրինական իշխանության վերականգնման նպատակով Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան սեպտեմբերի 19-ին հայտարարել էր, որ եմենցի ապստամբներն առաջին անգամ փորձել են բալիստիկ հրթիռով հարվածել Էր Ռիադին։ Հրթիռը «հայտնաբերվել և ոչնչացվել էր», X սոցիալական ցանցում հայտնել էր կոալիցիայի ներկայացուցիչ, բրիգադի գեներալ Թուրքի ալ Մալիկին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment