Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի

Քաղաքականություն

11.10.2026 | 17:24

Հռոմի պապ Լևոն XIV-ը առաջիկա օրերին թոքում հայտնաբերված հանգուցային գոյացության հեռացման վիրահատության կենթարկվի։ Այս մասին նա հայտնել է հոկտեմբերի 11-ին՝ կիրակի օրը, Վատիկանում քարոզից հետո։ Նրա խոսքերը մեջբերել է Սուրբ Աթոռի մամուլի ծառայությունը։

«Գոյացությունը հայտնաբերվել է ամենավաղ փուլում և հստակ տեղայնացված է։ Բժիշկները նպատակահարմար են համարում վիրահատական միջամտությունը, ուստի, հետևելով նրանց խորհուրդներին, որոշել եմ վիրահատվել՝ այն հեռացնելու համար»,- Սուրբ Պետրոսի հրապարակում կիրակնօրյա քարոզին հավաքված հավատացյալներին ասել է 71-ամյա Կաթոլիկ եկեղեցու առաջնորդը։

Սուրբ Աթոռի մամուլի ծառայության ղեկավար Մատեո Բրունիի խոսքով՝ վիրահատությունը կկատարվի առաջիկա շաբաթվա առաջին օրերին, իսկ վերականգնման համար կպահանջվի մոտ յոթ օր։

Vatican News-ի՝ Սուրբ Աթոռի պաշտոնական լրատվական պորտալի խմբագիրների հաղորդմամբ՝ Լևոն XIV-ը կվիրահատվի Հռոմի Ագոստինո Ջեմելլիի համալսարանական կլինիկայում։

Կիրակնօրյա քարոզի ընթացքում Լևոն XIV-ը նաև հաստատել է, որ, չնայած վիրահատությանը, մտադիր է նախատեսված ժամանակացույցի համաձայն հաջորդ ամսվա սկզբին մեկնել Ուրուգվայ, Պերու և Արգենտինա։

Հռոմի պապի ժամանակացույցի համաձայն՝ այցը նախատեսված է նոյեմբերի 6-17-ը։

Associated Press գործակալության հաղորդմամբ՝ նախկինում Լևոն XIV-ը առողջական խնդիրներ չի ունեցել։ Նա ակտիվ կենսակերպ է վարում, շաբաթական մեկ անգամ թենիս է խաղում, ինչպես նաև լողում է, երբ հանգստանում է Իտալիայի Կաստել Գանդոլֆո քաղաքում գտնվող իր ամառային նստավայրում։

Leave a comment