Ավելի քան 100 միգրանտ, այդ թվում՝ 15 երեխա է խեղդվել Ջիբութիի ափերի մոտ. ՄԱԿ

Բաժանորդագրվել

Փրկվել է ավելի քան 80 ուղևոր, նրանք բոլորը Եթովպիայի քաղաքացիներ են։

ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի – Sputnik. Առնվազն 109 միգրանտ, այդ թվում՝ 15 երեխա, զոհվել են Ջիբութիի ափերի մոտ տեղի ունեցած նավաբեկության հետևանքով, ևս ավելի քան 116 մարդ համարվում է անհետ կորած։ Այս մասին հայտնել է ՄԱԿ-ի Միգրացիայի միջազգային կազմակերպությունը (ՄՄԿ)։

Կազմակերպության տվյալներով՝ շրջված նավի վրա եղել է 305 մարդ։ Նավն ուղևորվում էր Ջիբութիից Եմեն և խորտակվել է հոկտեմբերի 9-ի գիշերը Գուհերեի շրջանում՝ Օբոք քաղաքից հյուսիս։

Զոհվածների թվում կա 52 տղամարդ, 42 կին և 15 երեխա։ Հաջողվել է փրկել ավելի քան 80 ուղևորի, նրանք բոլորը Եթովպիայի քաղաքացիներ են։ Ջիբութիի իշխանությունները շարունակում են որոնողափրկարարական գործողությունը։

ՄՄԿ-ում նշել են, որ Աֆրիկայի Եղջյուրի երկրների տասնյակ հազարավոր բնակիչներ ամեն տարի հատում են Ջիբութիի տարածքն ու Բաբ էլ-Մանդեբի նեղուցը՝ Եմենով ուղևորվելով Պարսից ծոցի պետություններ։ Միգրացիայի հիմնական պատճառները մնում են անվտանգության անկայուն իրավիճակը և կլիմայի փոփոխության խորացող հետևանքները։

ՄՄԿ-ի մշտադիտարկման համակարգի տվյալների համաձայն՝ սեպտեմբերի 10-ից ի վեր Եթովպիայից Ջիբութի է հասել ավելի քան 20 հազար միգրանտ։

2025 թվականին այս ճանապարհին զոհվել կամ անհետ կորել է ավելի քան 900 մարդ։ Ընդ որում, այս ուղին ընտրած միգրանտների թիվն աճել է 18%-ով։ 2026 թվականի մարտին ևս մեկ նավաբեկություն ինը մարդու կյանք էր խլել, 45-ը համարվում են անհետ կորած։

Leave a comment