ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն առաջարկել է վերանվանել ևս մի քանի ջրային օբյեկտ՝ Օնտարիո լիճը և Մեքսիկական ծոցը վերանվանելու իր որոշումներից հետո։
«Մենք արդեն ունենք ծոց։ Մենք ունենք հիանալի լիճ։ Իսկ հիմա ինչ-որ մեկն ասաց՝ ձեզ գետ է պետք։ Մեզ գետ է պետք։ Մեզ օվկիանոս է պետք»,- հայտարարել է նա հոկտեմբերի 10-ին՝ շաբաթ օրը, Թենեսի նահանգի Քլարկսվիլ քաղաքում նախընտրական հանրահավաքի ժամանակ։
Թրամփն առաջարկել է վերանվանել կամ Ատլանտյան, կամ Խաղաղ օվկիանոսը՝ հավելելով, որ նոր անվանումը կարող է կապված լինել իր անվան հետ։
«Մենք այն կանվանենք «Թրամփի օվկիանոս» կամ «Ամերիկաների օվկիանոս»,- հայտարարել է նա՝ ծիծաղի և ծափահարությունների ներքո։
«Կարծում եմ՝ մինչև իմ հեռանալը մենք պետք է մեր սեփական օվկիանոսն ունենանք։ Եվ մեզ մեծ գետ է պետք»,- ասել է ԱՄՆ նախագահը։
Իր երկրորդ նախագահական ժամկետի սկզբից Թրամփը բազմիցս առաջարկել է վերանվանել խոշոր աշխարհագրական օբյեկտներ և տարբեր հաստատություններ։
2025 թվականի հունվարին նրա նախաձեռնությամբ Մեքսիկական ծոցը վերանվանվել է Ամերիկյան ծոց, իսկ Ալյասկայի Դենալի լեռը կրկին ստացել է ՄաքՔինլի անվանումը։
Առաջին որոշումը քննադատության է արժանացել Մեքսիկայում։ Այնտեղ նշել են, որ նախկին անվանումը դարեր շարունակ օգտագործվել է միջազգային նավագնացության մեջ։
2026 թվականի օգոստոսին Թրամփը հրամանագիր է ստորագրել՝ Օնտարիո լիճը «Ամերիկա լիճ» վերանվանելու մասին։
Կանադայի հետ սահմանին գտնվող Մեծ լճերից մեկը վերանվանելու որոշումն ԱՄՆ նախագահն ընդունել է Օտտավայի հետ առևտրային գործարքի ձախողման ֆոնին։
Կանադայի վարչապետ Մարկ Քարնին քննադատել է այդ քայլը՝ հիշեցնելով, որ Օնտարիո անվանումն ավելի քան 400 տարվա պատմություն ունի և առաջացել է Կանադական համադաշնության ձևավորումից ու ԱՄՆ անկախության հռչակագրի ընդունումից շատ ավելի վաղ։
ԱՄՆ նախագահը կարող է օգտագործել իր լիազորությունները՝ ջրային և այլ աշխարհագրական օբյեկտների անվանումները փոխելու համար։ Մասնավոր առցանց քարտեզագրական ծառայություններն ընդհանուր առմամբ ընդունել են Թրամփի առաջարկած նոր անվանումները։