7․7 մագնիտուդով հզոր երկրաշարժ Պանամայում․ Կան փլուզումներ և տասնյակ վիրավորներ

Պանամայում 7․7 մագնիտուդով հզոր երկրաշարժ է տեղի ունեցել, որն առաջացրել է շենքերի փլուզումներ, տրանսպորտային ու էներգետիկ ենթակառուցվածքների վնասներ և զանգվածային խուճապ։ ԱՄՆ Երկրաբանական ծառայության (USGS) տվյալներով՝ ցնցումներն ընդհանուր առմամբ զգացել է շուրջ 4․6 միլիոն մարդ, իսկ էպիկենտրոնը գտնվել է Պիտալոզա Առիբա բնակավայրից մոտ 10 կիլոմետր հեռավորության վրա՝ ընդամենը 12 կիլոմետր խորության վրա։

Երկրաշարժի հետևանքով առնվազն 27 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել։ Պենոնոմե, Սոնա, Տոնոսի և այլ քաղաքներում գրանցվել են բնակելի շենքերի, հյուրանոցների, պետական հիմնարկների ու պատմական կառույցների, այդ թվում՝ տեղի տաճարի աշտարակի փլուզումներ։ Մայրաքաղաք Պանամայում, որը գտնվում է էպիկենտրոնից շուրջ 200 կիլոմետր հեռավորության վրա, հազարավոր քաղաքացիներ տարհանվել են բազմահարկ շենքերից և դուրս եկել փողոցներ ու զբոսայգիներ։

Պանամայի նախագահ Խոսե Ռաուլ Մուլինոն հայտարարել է, որ ողջ կառավարությունը մոբիլիզացվել է աղետի հետևանքները վերացնելու համար՝ հորդորելով բնակչությանը տուրք չտալ խուճապային տրամադրություններին։ Սկզբնական շրջանում տարածաշրջանի 11 երկրների համար հայտարարված ցունամիի վտանգը ավելի ուշ չեղարկվել է ԱՄՆ ցունամիի ազդարարման համակարգի կողմից։ Պանամայի ջրանցքի ղեկավարությունը հայտնել է, որ ռազմավարական նշանակություն ունեցող ջրային ուղին որևէ վնաս չի կրել և շարունակում է անխափան աշխատանքը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment