Քաղաքականություն
10.10.2026 | 16:51
Հոկտեմբերի 9-ին Հայոց ցեղասպանության հուշահամալիր է այցելել «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Անտոնիու Ֆեյժոյի գլխավորած պատվիրակությունը։ Այս մասին տեղեկացնում են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից։
Պատվիրակության անդամներին դիմավորել և ուղեկցել է ՀՑԹԻ թանգարանային գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը, ճարտարապետական լուծումներն ու նշանակությունը։
Այցի ընթացքում հյուրերը ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ՝ իրենց հարգանքի տուրքը մատուցելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։
Այնուհետև պատվիրակությունն այցելել է թանգարանի մշտական և ժամանակավոր ցուցադրությունների սրահներ, որտեղ ծանոթացել է Հայոց ցեղասպանության պատմությանը, դրա իրականացման փուլերին, հայ ժողովրդի մարդկային և մշակութային կորուստներին, ինչպես նաև ցեղասպանության հիշողության պահպանման և փոխանցման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։
Այցի ավարտին «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Անտոնիու Ֆեյժոն իր տպավորություններն է գրառել Հայոց ցեղասպանության թանգարանի Պատվավոր հյուրերի հուշամատյանում։