ԿԸՀ-ն քայլեր է ձեռնարկել Հրազդանում դիտորդի և հանձնաժողովի քարտուղարի միջև միջադեպը պարզելու ուղղությամբ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արձագանքել է Հրազդանի թիվ 26 ընտրատարածքային հանձնաժողովում արձանագրված միջադեպին՝ տեղեկացնելով, որ քայլեր են ձեռնարկվել կատարվածի հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Այդ մասին ասվում է ԿԸՀ հայտարարության մեջ:

Հոկտեմբերի 8-ին Հրազդանի թիվ 26 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում միջադեպ է տեղի ունեցել հանձնաժողովի քարտուղարի և «Ականատես» դիտորդական առաքելության դիտորդի միջև: Այդ մասին հայտարարություն է տարածել առաքելությունը՝ նշելով, որ հանձնաժողովի քարտուղարը քաշքշել և սպառնացել է դիտորդին, պահանջել հանձնել անձնական հեռախոսը և փորձել խոչընդոտել նրա հեռանալուն։ Միջադեպը, ըստ դիտորդի, կապված է եղել իր իրավունքների սահմանափակման վերաբերյալ ավելի վաղ ներկայացված դատական հայցի հետ։

ԿԸՀ հայտարարության մեջ ասվում է․ «Հրազդանն ընդգրկող ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում դիտորդի մասնակցությամբ արձանագրված միջադեպի վերաբերյալ տարածվող տեղեկությունների կապակցությամբ հայտնում ենք, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը միջոցներ է ձեռնարկել դեպքի հանգամանքները պատշաճ պարզաբանելու համար։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իր լիազորությունների շրջանակում հետևողական է դիտորդների իրավունքների իրացման ապահովման հարցում և կարևորում է ընտրական գործընթացի բոլոր մասնակիցների իրավունքների ու օրինական շահերի պաշտպանությունը։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը շարունակելու է իր լիազորությունների շրջանակում նպաստել ընտրական գործընթացի օրինականության, թափանցիկության և վստահության ապահովմանը։

Միջադեպի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ պարզելու դեպքում ԿԸՀ-ն դրանց մասին կտեղեկացնի հանրությանը»,-ասվում է հայտարարության մեջ:

Leave a comment