Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը շնորհավորել է Երևանի հիմնադրման 2808-ամյակը՝ ընդգծելով մայրաքաղաքի զարգացմանն ուղղված ԵՄ աջակցությունը։ Պատվիրակությունը հիշատակել է ջրամատակարարման բարելավման, հանրային շենքերի էներգաարդյունավետության բարձրացման, տրանսպորտի արդիականացման և օդի որակի բարելավման ծրագրերը՝ վերահաստատելով Երևանի կայուն զարգացմանը նպաստելու պատրաստակամությունը։
Հայաստանում ԵՄ պատվիրակության ուղերձը՝ ստորև․
«Շնորհավոր ծնունդդ, 2808-ամյա Երևան։
Քաղաք, որտեղ միահյուսվում են պատմությունն ու մշակույթը, իսկ նոր գաղափարներն ու հնարավորությունները ճանապարհ են բացում դեպի նոր հորիզոններ։
ԵՄ-Հայաստան համագործակցության շրջանակում մենք աջակցել ենք քաղաքի ջրամատակարարման բարելավմանը՝ «Երևանի ջրամատակարարման բարելավում» ծրագրի միջոցով, կլիմայի և էներգետիկայի ոլորտում գործողությունների խթանմանը՝ «Քաղաքապետերի դաշնագրի» շրջանակում, հանրային շենքերի արդիականացմանն ու էներգաարդյունավետության բարձրացմանը՝ «Երևանի էներգաարդյունավետության ծրագրի» միջոցով, մայրաքաղաքային տրանսպորտի գործարկման բարելավմանն ու արդիականացմանը, իսկ վերջին շրջանում՝ օդի որակի բարելավմանը՝ «Մաքուր օդ՝ հանուն առողջության և կանաչ աճի Հայաստանում» (EU4Clean Air) ծրագրի միջոցով, այդ թվում՝ օդի որակի մոնիթորինգի կայանների ստեղծման և քաղաքականության մշակմանն աջակցելով։
Մենք շարունակում ենք աշխատել՝ նպաստելու, որ Երևանը լինի ավելի կայուն, շարունակի զարգանալ, նոր հնարավորություններ ստեղծել իր բնակիչների համար և ավելի սերտ կապեր ձևավորել Եվրոպայի հետ»։