ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նախկինում երբեք չի լսել 2026 թվականի Նոբելյան խաղաղության մրցանակի դափնեկրի մասին։
Մրցանակը շնորհվել է հարավաֆրիկացի իրավաբան և մարդու իրավունքների պաշտպան Նավանետհեմ Պիլլային, որը 2008-2014 թվականներին զբաղեցրել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի պաշտոնը։ Թրամփը նրան բնութագրել է որպես «ՄԱԿ-ում աշխատող լիբերալ անձնավորություն, որի մասին ոչ ոք երբեք չի լսել»։
«Ես երբեք չեմ լսել այս մարդու մասին. ես շատ մարդկանց եմ ճանաչում, բայց նրա մասին չէի լսել։ Այնուամենայնիվ, շնորհավորում եմ»,- ասել է Սպիտակ տան ղեկավարը Սիրաքյուսում իր կողմնակիցների հետ հանդիպման ժամանակ։
Ամերիկացի առաջնորդը նաև կոշտ քննադատության է ենթարկել Նորվեգիային և Նորվեգիայի Նոբելյան կոմիտեին՝ իրեն Խաղաղության մրցանակը չշնորհելու համար։ «Միացյալ Նահանգները, որը ես ներկայացնում եմ որպես նախագահ, պետք է ստանար Նոբելյան խաղաղության մրցանակը, սակայն դա տեղի չունեցավ։ Սա անջնջելի խայտառակություն է Նորվեգիայի և այն մարդկանց համար, ովքեր կայացրել են նման ամոթալի որոշում։ Նոբելյան խաղաղության մրցանակը հավերժ վարկաբեկվել է արմատական գաղափարախոսների մի խմբի կողմից, որոնք դավանում են հակաժողովրդավարական հայացքներ և գործում որպես քաղաքակրթության թշնամիներ։ Մենք չենք մոռանա, Նորվեգիա, որ դուք զրկեցիք մեզ այս մրցանակից և չճանաչեցիք պատմության մեջ ամենամեծ ձեռքբերումները։ Մենք պետք է ստանայինք ութ Նոբելյան մրցանակ՝ մեկական յուրաքանչյուր պատերազմի համար, որը մենք կարգավորել ենք»,- դժգոհել է Թրամփը։