Նա ամեն ինչ թողեց ինձ համար․ մահացել է Նարեկ Հախնազարյանի մայրը

Բաժանորդագրվել

Գայանե Հախնազարյանը տաղանդավոր դաշնակահարուհի էր, նա աշխարհահռչակ կոմպոզիտորների դասական բազմաթիվ ստեղծագործություններ ձևափոխել էր երկու դաշնամուրով (դուետով) կատարելու համար։

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի – Sputnik․ Կյանքից հեռացել է աշխարհահռչակ թավջութակահար Նարեկ Հախնազարյանի մայրը՝ դաշնակահարուհի Գայանե Հախնազարյանը։

Նա մահացել է հոկտեմբերի 9-ին` երկարատև հիվանդությունից հետո։

Հախնազարյանների ընտանիքում բոլորն են երաժիշտ, ամենահայտնին, իհարկե, թավջութակահար Նարեկ Հախնազարյանն է, նրա եղբայրը՝ Տիգրան Հախնազարյանը, հայտնի դիրիժոր է, նրանց հայրը՝ Սուրեն Հախնազարյանը՝ ջութակահար։

Իսկ ընտանիքի մայրը՝ Գայանե Հախնազարյանը, ևս ճանաչված դաշնակահարուհի է, մանկավարժ և Երևանի պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր։ Նա բազմիցս տարբեր համերգների ժամանակ նվագակցել է որդուն։

Գայանե Հախնազարյանն աչքի է ընկել երաժշտական յուրահատուկ մոտեցմամբ: Նա աշխարհահռչակ կոմպոզիտորների դասական բազմաթիվ ստեղծագործություններ ձևափոխել է երկու դաշնամուրով (դուետով) կատարելու համար։ Դրանք հրատարակվել են հատուկ երաժշտական ձեռնարկներում և այսօր էլ օգտագործվում են թե՛ փորձառու երաժիշտների, թե՛ երաժշտական հաստատությունների սաների կողմից։

Գայանե Հախնազարյանը երաժշտական Հախնազարյան ընտանիքի հենասյուներից էր։

«Նա ամեն ինչ թողեց ինձ համար»,– իր հարցազրույցներից մեկում ասել է աշխարհահռչակ թավջութակահարը մոր մասին։

Նարեկ Հախնազարյանը 11 տարեկան է եղել, երբ մայրը թողել է իր երաժշտական կարիերան և տեղափոխվել Մոսկվա, որպեսզի որդին երաժշտական կրթությունը շարունակի այնտեղ։

Գայանե Հախնազարյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 11-ին՝ 17:00-20:00, Նոր Նորքի 5- րդ զանգվածում գտնվող Սուրբ Սարգիս եկեղեցում, իսկ հուղարկավորությունը՝ հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13:00-ին նույն վայրից:

Leave a comment