ՄԻՊ ներկայացուցիչը մասնակցել է կանանց աջակցությանն ու բռնության դեմ պայքարին ուղղված նախաձեռնությանը

Հոկտեմբերի 1-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանման ղեկավար Զարինե Հովհաննիսյանը, Վանաձորի «Մոր և մանկան» պուրակում մասնակցել է «ՄԵՆՔ» Լոռու մարզի երիտասարդական հասարակական կազմակերպության կողմից կազմակերպված հանրային նախաձեռնությանը։


Նախաձեռնության նպատակն էր ազգային ավանդական պարի միջոցով ընդգծել կանանց փոխադարձ աջակցության, համերաշխության և համայնքային միասնության կարևորությունը, ինչպես նաև հանրության ուշադրությունը հրավիրել կանանց նկատմամբ բռնության կանխարգելման և բռնության ցանկացած դրսևորման նկատմամբ անհանդուրժողական վերաբերմունքի ձևավորման անհրաժեշտության վրա։

Միջոցառումը նաև հնարավորություն էր կարևորելու համայնքի ներգրավվածությունը կանանց իրավունքների պաշտպանության, փոխադարձ հարգանքի և աջակցության մշակույթի ամրապնդման գործում։


Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է կանանց նկատմամբ բռնության բոլոր ձևերի կանխարգելումը, բռնության ենթարկված անձանց իրավունքների արդյունավետ պաշտպանությունը, ինչպես նաև հասարակությունում բռնության նկատմամբ զրոյական հանդուրժողականության մշակույթի ձևավորումը։

Leave a comment