Արման Աբովյան․ Իշխանությունը փորձում է ոչնչացնել Ծառուկյանի բիզնեսը, բայց փլուզում է տնտեսության ճյուղեր

ԲՀԿ անդամ Արման Աբովյանն, արձագանքելով ԲՀԿ առաջնորդ և գործարար Գագիկ Ծառուկյանի կալանավորման որոշումն անփոփոխ թողնելուն, ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ «իշխանությունը փորձում է ոչնչացնել Ծառուկյանի բիզնեսը, բայց փլուզում է տնտեսության ճյուղեր»:

Ըստ նրա՝ Ծառուկյանը ցույց է տվել, որ կարելի է կառուցել հզոր տնտեսություն և կախված չլինել թուրքերից ու ադրբեջանցիներից:

«Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողել Գագիկ Ծառուկյանին կալանավորելու մասին որոշումը։ Իհարկե, այլ բան ակնկալելը միամտություն կլիներ։ Բայց, այնուամենայնիվ, միշտ ուզում ես հավատալ, որ դեռ բոլորը չէ, որ դարձել են Հայաստանում իշխող ոչ լեգիտիմ իշխանության հակահայկական և հակապետական որոշումների հնազանդ կատարողները։

Բայց եկեք պատասխանենք մի պարզ հարցի․ ինչո՞ւ են սրանք այդքան ատում Ծառուկյանին, որը միշտ հանդես է եկել հայերի համախմբման և միավորման, իրական խաղաղության, այլ ոչ թե նվաստացուցիչ զինադադարի, արժանապատվության ու պատվի, պետության և ազգի պաշտպանության օգտին։

Ինչո՞ւ է իշխանությունը հարվածում Ծառուկյանին՝ փորձելով ոչնչացնել նրա բիզնեսը, բայց արդյունքում փլուզում է տնտեսության ամբողջ ճյուղեր՝ հազարավոր մարդկանց թողնելով առանց օրվա հացի։

Ինչո՞ւ. պատասխանը մակերեսին է։

Որովհետև Ծառուկյանը ցույց է տվել հենց այն, ինչից այս իշխանությունն ամենից շատ է վախենում։

Նա ցույց է տվել, որ կարելի է կառուցել հզոր տնտեսություն և կախված չլինել թուրքերից ու ադրբեջանցիներից։

Նա ցույց է տվել, որ կարելի է հասնել իրական խաղաղության, այլ ոչ թե խաբել մարդկանց՝ նրանց պարտադրելով այն միտքը, թե խաղաղությունը հնարավոր է բացառապես թշնամու թելադրած նվաստացուցիչ պայմաններով։

Եվ, վերջապես, նա ցույց է տվել, որ նույնիսկ այս մղձավանջում կարելի է ելք գտնել, պահպանել մարդկային արժանապատվությունը, մնալ մարդ և երկիրը դուրս բերել այն անդունդից, ուր ներկայիս իշխանությունը, զանազան հիմար «փառատոնների» ուրախ երաժշտության ներքո և Ալիևի ու Էրդողանի հավանության բացականչությունների ուղեկցությամբ, տանում է Հայաստանը։

Հենց դրա համար էլ նրանք ատում են նրան»,-ասվում է գրառման մեջ:

Հուլիսի 6-ին հայտնի դարձավ, որ իրավապահները ներխուժել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատուն, ինչպես նաև նրան պատկանող «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում գտնվող ձեռնարկություններ և խուզարկություններ են իրականացնում։ Ընկերությունների դռները կապարակնքվեցին, և աշխատանքը դադարեցվեց։ Ծառուկյանը հենց նույն օրը ձերբակալվեց, իսկ հաջորդ օրը կալանավորվեց:

Ըստ ՔԿ-ի՝ տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթներից մեկով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Գագիկ Ծառուկյանի կազմակերպմամբ մի շարք անձինք 2022-2024 թվականների ընթացքում առերևույթ կատարել են առանձնապես խոշոր չափերով խարդախություն և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում: Ըստ նախաքննական մարմնի, Ծառուկյանը կազմակերպել է այդ հանցավոր ճանապարհով ստացված գույքի և գումարների լվացումը՝ դրանք սեփական ընկերությունների օրինական շրջանառությանը միախառնելով։ Ինքը՝ գործարարը, մեղադրանքը չի ընդունում՝ այն որակելով կեղծիք։ Ծառուկյանի փաստաբանները ևս պնդում են, որ մեղադրանքն անհիմն է:

Leave a comment