«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը շնորհավորական ուղերձ է հղել Երևանի տոնի առթիվ՝ ընդգծելով մայրաքաղաքի պատմական նշանակությունն ու հայկական ինքնության պահպանման կարևորությունը։ Նա նշել է, որ Էրեբունուց Երևան դարձած մեր մայրաքաղաքը երբեք «Էրիվան» չի դառնալու։
Իր հայտարարության մեջ Կարապետյանը շեշտել է, որ 2808-ամյա պատմություն ունեցող Երևանն անհնար է չսիրել իր անկրկնելի կոլորիտով ու մարդկանց ջերմությամբ։ Նրա խոսքով՝ քաղաքը միշտ բաց է եղել աշխարհի առաջ, սակայն երբեք չի կորցրել իր դիմագիծը, ինչը երևանցիների սրտացավության և դժվարությունները հաղթահարելու կամքի արդյունքն է։
Կուսակցության առաջնորդն ընդգծել է նաև մայրաքաղաքի ապագայի հանդեպ պատասխանատվությունը՝ կոչ անելով վերջ տալ ուրբանիստական տեռորին և կառուցել ժամանակակից, կանաչ ու տնտեսապես հզոր քաղաք։ Նա եզրափակել է, որ Երևանը եղել ու մնալու է համայն հայության մտքի, մշակույթի և մեծ փոփոխությունների կենտրոնը։