Արսեն Թորոսյանը ներկայացնում է Աշխատանքային օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացնում է նախարար Արսեն Թորոսյանը:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է. ««Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2024 թվականի դեկտեմբերի 4-ի ՀՕ-525-Ն օրենքով ներդրվել է աշխատանքային պայմանագրերի կնքման թվային համակարգ (այսուհետև՝ թվային համակարգ), որով սահմանվել է, որ 2026թ. հունվարի 1-ից՝ աշխատանքային պայմանագրերի կնքումը, դադարումը և փոփոխումն իրականացվելու է բացառապես թվային համակարգով: Ընդ որում, սահմանվել է, որ թվային համակարգում աշխատանքային պայմանագրերը կնքվում են կողմերի էլեկտրոնային թվային ստորագրությամբ:

«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) անհրաժեշտությունը պայմանավորված է էլեկտրոնային թվային ստորագրության խնդիր ունեցող անձանց աշխատանքային հարաբերությունների ծագման անխափան ընթացքն ապահովելու նպատակով:

Նախագծի նպատակն է ապահովել էլեկտրոնային թվային ստորագրության խնդիր ունեցող անձանց աշխատանքային հարաբերությունների ծագման անխափան ընթացքը, աշխատողների աշխատանքային իրավունքների իրացումը՝ հաշվի առնելով այն, որ դեռևս ոչ բոլորն ունեն նույնականացման քարտեր:

Մասնավորապես, առաջարկվում է աշխատանքային պայմանագրերի կնքումը, փոփոխումը և լուծումը 2027 թվականի հունվարի 1-ից իրականացնել բացառապես թվային համակարգով: Բացի այդ, առաջարկվում է Հայաստանի Հանրապետությունից դուրս գտնվող անձի հետ (որը փաստացի չի գտնվելու Հայաստանի Հանրապետությունում), այդ թվում 2027 թվականի հունվարի 1-ից հետո, աշխատանքային պայմանագիրը կնքվի թղթային եղանակով (այդ թվում՝ փոստային կամ էլեկտրոնային հաղորդակցությունն ապահովող կապի միջոցով)՝ հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետությունում չգտնվող անձինք չեն կարող ստանալ էլեկտրոնային թվային ստորագրություն: Կարգավորումներ են նախատեսվում նաև ՀՀ-ում գտնվող օտարերկրացիների հետ կնքվող աշխատանքային պայմանագրերի մասով:

Միաժամանակ ժամկետի երկարաձգումը պայմանավորված է նաև նոր նույնականացման քարտերի ներդրման ծրագրով, որպեսզի քաղաքացիները ստիպված չլինեն կրկնակի դիմել նույնականացման քարտեր ստանալու համար»:

Leave a comment