Սահմանադրական դատարանի գործող նախագահ Արման Դիլանյանի լիազորությունների ժամկետն ավարտվում է, և ՍԴ-ն պետք է նոր նախագահ ընտրի: Շրջանառվող լուրերի համաձայն՝ իշխանության ֆավորիտ թեկնածուն իշխող կուսակցության նախկին պատգամավոր, այժմ ՍԴ դատավոր Վլադիմիր Վարդանյանն է: «Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպության ղեկավար, իրավապաշտպան Լուսինե Հակոբյանը Factor TV-ի եթերում խստորեն քննադատել է այս սցենարը՝ պնդելով, որ Վարդանյանը չպետք է ընտրվի այդ պաշտոնում։
Լուսինե Հակոբյանը հիշեցնում է, որ Վլադիմիր Վարդանյանը, լինելով իշխող քաղաքական ուժի անդամ, ժամանակին դեմ է արտահայտվել դատական համակարգի արմատական վեթինգին։
«Նա նախկինում էլ իրեն չի դրսևորել որպես էսպես հեղափոխական իշխանության արժանի մասնիկ։ Հիշում ենք բոլորս նրա վերաբերմունքը, երբ քաղաքացիական հասարակությունը տարիներ շարունակ պահանջում էր վեթինգ իրականացնել… մինչև հիմա հիշում եմ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցը, որտեղ նա ասաց, որ Հայաստանը վուլգար վեթինգի ճանապարհով չի գնա, և, ըստ էության, վեթինգի տապալման պատասխանատուներից մեկը նա էր»,- նշում է իրավապաշտպանը։
Նրա խոսքով՝ ինքնին սխալ էր քաղաքական ուժի ներկայացուցչին դատավոր դարձնելը, և հիմա էլ ՍԴ դատավորները չպետք է կրկնեն այդ սխալը։ Հակոբյանն այս իրավիճակը համեմատում է նախկին իշխանությունների օրոք տեղի ունեցածի հետ. «Իշխող կուսակցությունը իր կազմից գործուղել էր Հրայր Թովմասյանին որպես ՍԴ նախագահ… Հիմա կարծում եմ համանման իրավիճակ է այն տարբերությամբ, որ հիմա դատավորներն են ընտրելու»։
Իրավապաշտպանը հորդորում է ՍԴ դատավորներին դրսևորել «մաքսիմալ աչալրջություն և զգոն լինել Սահմանադրական դատարանի հեղինակության հարցի նկատմամբ»՝ ձեռնպահ մնալով Վարդանյանին ընտրելուց։ Նա հավելում է, որ ՍԴ-ում կան արժանի այլ թեկնածուներ:
Անդրադառնալով իշխանության կադրային քաղաքականությանը և վարչապետի վերջին դժգոհություններին դատաիրավական համակարգից՝ Հակոբյանը նկատում է, որ իշխանությունն ինքն է նախընտրել հավատարիմ կադրերի նշանակումը՝ պրոֆեսիոնալների փոխարեն։
«Լոյալության հատկանիշը չի աշխատում։ Աշխատում է պրոֆեսիոնալիզմը… Թերևս, դժվար է խիստ պրոֆեսիոնալ մարդուն ստիպել, որ ինքը ինչ-որ մի որոշում կայացնի զանգով… Եթե չենք կարողանում բարեփոխել, ապա մերոնք գոնե լինեն։ Ստացվում է էդպես։ Իսկ չեն կարողանում բարեփոխել, որովհետև Նիկոլ Փաշինյանն է ամբողջ օրը բողոքում դատաիրավական համակարգից»,- ասում է նա։
Անդրադառնալով վարչապետի նոր նախագծին՝ Սահմանադրությամբ բոլոր դատավորներին ժամանակավոր պաշտոնակատար (ԺՊ) դարձնելուն և բարեվարքության ստուգումից հետո միայն նշանակելուն, Լուսինե Հակոբյանը նշում է, որ որպես այդպիսին, դա վատ գաղափար չէ։ Սակայն գլխավոր խնդիրը մնում է գործընթացի իրագործողների հարցը. «Բայց էլի գալիս ենք հասնում ենք էն հարցին, թե ով է այդ վեթինգը իրականացնելու, ինչպիսի ուսումնասիրություն է իրականացվելու, արդյոք էդ դատավորների օրինակ՝ կայացրած դատական ակտերը հնարավոր լինելո՞ւ է ուսումնասիրել…»։ Ըստ նրա, եթե հարցը լուծվելու է զուտ նախկինում կուսակցական լինել-չլինելու սկզբունքով, ապա նորմալ համակարգ չի ստեղծվի:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Ռոբերտ Անանյան