Պուտինը, Փաշինյանն ու Ալիևը Թուրքմենստանում 15 րոպեանոց չծրագրված հանդիպում են անցկացրել

Քաղաքականություն

09.10.2026 | 18:34

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թուրքմենստանում Կասպյան գագաթնաժողովից հետո փակ հանդիպում են անցկացրել։ Այս մասին տեղեկացել է «Կոմերսանտ»-ի հատուկ թղթակից Անդրեյ Կոլեսնիկովը։

Հանդիպման մասին նախապես չէր հայտարարվել։ Այն տևել է շուրջ 15 րոպե։ Հանդիպման անցկացման մասին պայմանավորվել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ ԱՊՀ երկրների ղեկավարների ընդլայնված կազմով նիստի փակ հատվածի ընթացքում նա այդ հարցով առանձին զրուցել է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ, նշում է աղբյուրը։

Հայաստանի վարչապետը չի մասնակցել Կասպյան գագաթնաժողովին, սակայն սպասել է դրա ավարտին՝ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի հետ հանդիպելու համար։

Մինչ Վլադիմիր Պուտինի Թուրքմենստան մեկնելը՝ Յուրի Ուշակովը հայտարարել էր, որ Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի հանդիպում նախատեսված չէ։ Սակայն Ռուսաստանի նախագահի օգնականը չէր բացառել, որ միջոցառման շրջանակում նրանք կարող են շփումներ ունենալ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

Leave a comment