Հրապարակվել է Հայ Առաքելական եկեղեցում «առաջացած ճգնաժամն» ու խնդիրներն ուսումնասիրելու նպատակով ստեղծված Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի կազմը, որի նախագահությունը ստանձնելու է ՔՊ-ական Արման Եղոյանը։
Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը հոկտեմբերի 8-ին կագադրություն է ստորագրել, որով հաստատվել է «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու մի շարք հոգևորականների գործունեության արդյունքում եկեղեցում առաջացած ճգնաժամի և դրա արդյունքում հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում ՀԱԵ բացառիկ առաքելության չկատարման խնդիրներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կազմը»։
Հանձնաժողովի կազմում ընդգրկվել են նաև նույն խմբակցության պատգամավորներ Էդուարդ Աղաջանյանը, Գոռ Արշակյանը, Արփի Դավոյանը, Ալխաս Ղազարյանը, Տարոն Չախոյանը և Ծովինար Վարդանյանը։
Ազգային ժողովի ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցությունները հրաժարվել են իրենց ներկայացուցիչներին ընդգրկել քննիչ հանձնաժողովի կազմում։
Հրապարակվել է «Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու փաստացի պետի և մի շարք բարձրաստիճան հոգևորականների գործունեության արդյունքում եկեղեցում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը: Նշվում է, որ զեկույցի պատրաստումը բխում է ՀՀ կառավարության 2026–2031 թթ. ծրագրից և պատրաստվել է ՀՀ վարչապետի հանձնարարությամբ: Զեկույցը պատրաստվել է «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից։
Որպես առաջին քայլ առաջարկվում է Բարենորոգման համակարգող խմբի ձևավորում՝ հոգևորականների և աշխարհականների մասնակցությամբ, և դրա կազմի ընդլայնման ընթացակարգի հրապարակում, որպես երկրորդ քայլ՝ ՀԱԵ «փաստացի պետի հեռացում»: