Եվրոպական խորհրդարանը 492 «կողմ» և 23 «դեմ» ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունել է Ադրբեջանին վերաբերող հատուկ բանաձև։ Փաստաթղթով Եվրախորհրդարանը խստորեն դատապարտում է Ադրբեջանում ընթացող քաղաքական բռնաճնշումները և հստակ պահանջ ներկայացնում Բաքվի իշխանություններին՝ անհապաղ ազատ արձակել ապօրինաբար պահվող հայ քաղբանտարկյալներին ու ռազմագերիներին, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներին։
«Եվրոպական խորհրդարանը կրկին իր խոր մտահոգությունն է հայտնում Ադրբեջանում հայ քաղբանտարկյալների և ռազմագերիների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի նախկին բարձրաստիճան ներկայացուցիչների շարունակվող կալանավորման կապակցությամբ, կոչ է անում անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել նրանց և հարգել նրանց հիմնարար իրավունքները»,- նշված է ընդունված բանաձևի տեքստում։
Հայ գերիների վերաբերյալ առանցքային դրույթները վերջնական փաստաթղթում ներառվել են բանաձևի համահեղինակ, Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Մարինա Մեզյուրի հետևողական ջանքերի շնորհիվ։
Քվեարկության ավարտից հետո պատգամավոր Մեզյուրը հանդես է եկել Եվրամիության հասցեին հնչեցրած կոշտ քննադատությամբ՝ շեշտելով, որ Բաքվի հասցեին հնչող բազմաթիվ դատապարտումները չեն ամրապնդվում կոնկրետ պատժամիջոցներով ու գործողություններով։ Նա զգուշացրել է, որ անգործության պատճառով վտանգված է ԵՄ-ի վստահելիությունը, և կոչ է արել Եվրամիության ղեկավարությանը Բաքվի հետ բոլոր հարաբերությունները խստորեն պայմանավորել մարդու իրավունքների պահպանմամբ։