Դատախազությունը պահանջում է չեղարկել Գուրգեն Արսենյանի հիմնադրած ընկերության մասնակցությամբ աճուրդը

Տավուշի մարզի դատախազությունը պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում իրականացված ուսումնասիրության արդյունքում սեպտեմբերի 22-ին հայցադիմում է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան ընդդեմ «Արսօյլ» ՀՁ ՓԲ ընկերության և ֆիզիկական անձի՝ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Գայի 37 հասցեում գտնվող նախկին թիվ 9 մանկապարտեզի մասնաշենքի աճուրդն անվավեր ճանաչելու, անվավերության հետևանքներ կիրառելու և գույքն ուրիշի ապօրինի տիրապետումից վերցնելու պահանջներով:

«Արսօյլ» ընկերության հիմնադիրն այժմ Ռուսաստանւմ Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գուրգեն Արսենյանն է, հայտնում է «Հայկական ժամանակը»:

Հակակոռուպցիոն դատարանի՝ 2026 թվականի հոկտեմբերի 2-ի որոշմամբ՝ դատախազության հայցադիմումն ընդունվել է վարույթ, կիրառվել է հայցի ապահովման միջոց. արգելվել է կատարել ցանկացած գործողություն, որը կհանգեցնի գույքի փաստացի կամ իրավական վիճակի փոփոխության, այդ թվում՝ ցանկացած եղանակով օտարելը կամ նշված գույքը գրավադրելը:

Ընկերությունը ժամանակավոր չի աշխատում: «Արսօյլը» հայ-կիպրական համատեղ ձեռնարկություն է, որը զբաղվել է ծխախոտի արտադրանքի ներմուծմամբ և մեծածախ առևտրով:

Leave a comment