Աշխարհի խոշորագույն ներդրումային բանկերից մեկի՝ «Goldman Sachs»-ի գլխավոր խորհրդական, իրավաբան Քեթլին Ռումմլերը որոշել է լքել իր պաշտոնը՝ անչափահասների սեռական շահագործման մեջ մեղադրվող ֆինանսիստ Ջեֆֆրի Էպշտեյնի հետ իր կապերը բացահայտող նյութերի հրապարակումից հետո։
«Financial Times»-ին տված մեկնաբանության մեջ Ռումմլերը հայտարարել է, որ հունիսի 30-ին կհեռանա բանկից։ «Ես եզրակացրել եմ, որ լրատվամիջոցների ուշադրությունը իմ նախկին աշխատանքի շուրջ՝ որպես պաշտպանի, դարձել է շեղող գործոն», – ասել է նա։
«Goldman Sachs»-ի գլխավոր տնօրեն Դեյվիդ Սողոմոնն ասել է, որ բանկը «կկարոտի» Ռումմլերին։ «Քեյթին իր պաշտոնավարման ընթացքում եղել է ակնառու գլխավոր խորհրդական, և մենք շնորհակալ ենք նրա ներդրման և ընկերությանը կարևոր իրավական հարցերի լայն շրջանակի վերաբերյալ օգտակար խորհուրդների համար», – ասել է նա։
Մինչև 2020 թվականին «Goldman Sachs»-ին միանալը, Ռումլերը «Latham & Watkins» իրավաբանական ընկերության գործընկեր է եղել։ FT-ն նշել է, որ Էպշտեյնի հետ նրա սերտ կապի մասին տեղեկությունները հայտնի են դարձել 2023 թվականին։ Այս տարիների ընթացքում «Goldman Sachs»-ի ներկայացուցիչները և ինքը՝ Ռումլերը, պնդել էին, որ հարաբերությունները խիստ պրոֆեսիոնալ են եղել։
Այնուամենայնիվ, հունվարի վերջին ֆինանսիստի գործով հրապարակված նյութերը բացահայտել են նյութեր, որոնք ցույց են տալիս, որ նա Էպշտեյնի խորհրդատուն, վստահելի անձը և ընկերուհին է եղել, գրել է «The New York Times»-ը։
Մասնավորապես, Ռումմլերը նրան խորհուրդ է տվել, թե ինչպես պատասխանել սեռական հանցագործությունների վերաբերյալ դժվար հարցերին, քննարկել է իր անձնական կյանքը և ֆինանսիստին դիմել է «սիրելի» և «քեռի Ջեֆֆրի»։
Ավելին, փաստաբանը խորհրդակցել է Էպշտեյնի հետ նրա կարիերայի վերաբերյալ, երբ 2016 թվականին նա մտածել էր աշխատանքի անցնելու մասին Citadel-ում՝ ներդրող Քենեթ Գրիֆինի կողմից հիմնադրված ներդրումային ֆոնդում։ Նա ակնարկել էր, որ Գրիֆինը «կարող է հետաքրքրված լինել մի կնոջով», նշելով, որ նկատի ունի «ռոմանտիկ հարաբերություններ»։ «Օ՜, Աստված իմ, ուրեմն դու պատրաստվում ես քո ռուսներից մեկին փոխանակե՞լ իմ աշխատավարձի հետ», – պատասխանել է Ռումմլերը։