«Պատմական պահ» ԱՊՀ-ում․ Լուկաշենկոն Բաքվի առաջին նախագահությունից հետո դիմել է Հայաստանին

Թուրքմենստանում ընթացող ԱՊՀ գագաթնաժողովի ընթացքում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հանդես է եկել հայտարարությամբ՝ պատմական իրադարձություն անվանելով 2028 թվականին ԱՊՀ նախագահությունը ստանձնելու Ադրբեջանի որոշումը։ БЕЛТА պետական գործակալության փոխանցմամբ՝ Լուկաշենկոն ընդգծել է, որ Բաքվի՝ առաջին անգամ կառույցի ղեկավարումը ստանձնելու այս քայլը նոր ազդակ կհաղորդի ԱՊՀ զարգացմանը։

Ելույթի ընթացքում Բելառուսի ղեկավարը հատուկ ուղերձով դիմել է նաև Հայաստանին՝ հույս հայտնելով, որ հայկական կողմը նույնպես չի հրաժարվի սահմանված ռոտացիայից․ «Հույս ունեմ, որ Հայաստանը նույնպես կհամաձայնի իրականացնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականին՝ համաձայն սահմանված հերթականության»։

Հատկանշական է, որ Ադրբեջանն ու Հայաստանը տարիներ շարունակ տևական հակամարտության և լարված հարաբերությունների ֆոնին զերծ էին մնում Համագործակցության ղեկավարումը ստանձնելուց։ Ներկայումս, երբ երկու երկրների միջև ընթանում են բանակցություններ հարաբերությունների վերջնական կարգավորման ու խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ, ԱՊՀ ղեկավարման հարցը կրկին մտել է օրակարգ։

Բացի այդ, Լուկաշենկոն շնորհակալություն է հայտնել Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևին՝ 2027 թվականին ԱՊՀ նախագահությունը ստանձնելու համաձայնության համար՝ ընդգծելով, որ Մինսկն առավելագույն աջակցություն կցուցաբերի Տաշքենդին։ Վերջում Բելառուսի նախագահը գագաթնաժողովի մասնակիցներին մաղթել է օպտիմիզմ և նոր ձեռքբերումներ՝ հանուն ԱՊՀ երկրների։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment