Հասարակություն
09.10.2026 | 12:18
Տավուշի մարզի դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Դիլիջանի նախկին թիվ 9 մանկապարտեզի մասնաշենքի աճուրդը և գույքը վերադարձնել համայնքին։ Հայցը ներկայացվել է Դիլիջան համայնքի, «Արսօյլ» ՀՁ ՓԲԸ-ի և ՌԴ-ում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանի դեմ։ Հակակոռուպցիոն դատարանը հայցն ընդունել է վարույթ և արգելել գույքի օտարումը կամ գրավադրումը։
Դատախազության հաղորդագրությունը՝ ստորև․
«Տավուշի մարզի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում իրականացված ուսումնասիրության արդյունքում, 2026 թվականի սեպտեմբերի 22-ին հայցադիմում է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ «Արսօյլ» ՀՁ ՓԲ ընկերության և ֆիզիկական անձի՝ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Գայի 37 հասցեում գտնվող՝ նախկին թիվ 9 մանկապարտեզի մասնաշենքի աճուրդն անվավեր ճանաչելու, անվավերության հետևանքներ կիրառելու և գույքն ուրիշի ապօրինի տիրապետումից հետ վերցնելու պահանջերով:
Հակակոռուպցիոն դատարանի՝ 2026 թվականի հոկտեմբերի 2-ի որոշմամբ, Դատախազության հայցադիմումն ընդունվել է վարույթ, կիրառվել է հայցի ապահովման միջոց. արգելվել է կատարել ցանկացած գործողություն, որը կհանգեցնի գույքի փաստացի կամ իրավական վիճակի փոփոխության, այդ թվում՝ ցանկացած եղանակով օտարելը կամ նշված գույքը գրավադրելը»:
«Արսօյլ» ՀՁ ՓԲԸ-ն հիմնադրվել է 1997 թվականին, հիմնադիրը Գուրգեն Արսենյանն է։ Նրա հայտարարագրերում նշված է, որ ընկերության 100% բաժնեմասը պատգամավորական գործունեության ժամանակ հանձնվել է հավատարմագրային կառավարման Հռիփսիմե Ավետիսյանին։
Արսենյանը 2024 թվականից Ռուսաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանն է։
Եվգենյա Համբարձումյան